Աշխարհ

16.01.2016 13:30


Հակաիրանական պատժամիջոցները կչեղարկվեն հունվարի 16-ին

Հակաիրանական պատժամիջոցները կչեղարկվեն հունվարի 16-ին

Հակաիրանական պատժամիջոցները կչեղարկվեն այսօր՝ հունվարի 16-ին։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

Ավելի վաղ գրել էինք, որ Զարիֆը մեկնել է Վիեննա, որտեղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաղորդելու էր իրանական միջուկային գործարքի շրջանակներում Թեհրանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մասին։

Իրանի կողմից միջուկային համաձայնագրի կատարման վերաբերյալ ԱԷՄԳ–ի զեկույցը կհրապարակվի հունվարի 16-ին, որից հետո Իրանի արտգործնախարարը և Ֆեդերիկա Մոգերինին եզրափակիչ հայտարարություն կանեն պատժամիջոցների չեղարկման մասին:

Այսպիսով, պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը հասանելիություն կստանա արտասահմանյան հաշիվներում սառեցված ակտիվներին, որոնց արժեքն, ԱՄՆ ֆինանսների նախարարության գնահատմամբ, մոտ 50 մլրդ դոլար է։ Իրանը կկարողանա նաև ավելացնել նավթի արտահանումն օրական 500 հազար բարելով։

Հիշեցնենք՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ստորագրվել է Վիեննայում 2015թ. հուլիսի 14-ին՝ Իրանի և «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) կողմից։

Ըստ համաձայնագրի՝ Իրանը պարտավորվում էր չստեղծել միջուկային զենք և միջուկային օբյեկտներն օգտագործել բացառապես խաղաղ ատոմի արտադրման նպատակներով, որի դիմաց էլ Արևմուտքը չեղարկելու էր սահմանած պատժամիջոցները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը