Լրահոս

26.11.2009 09:37


Ճապոնիան սատարում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը

Ճապոնիան սատարում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը

 

Նոյեմբերի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ ժամանել է Տոկիո:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Ճապոնիայի խորհրդարանի խոսնակ Տակահիրո Յոկոմիչիի:

Տակահիրո Յոկոմիչին, բարեկամական բնորոշելով հայ-ճապոնական հարաբերությունները, հույս է հայտնել, որ Հայաստանի արտգործնախարարի այցը Տոկիո նոր լիցք կհաղորդի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը:

Ճապոնիայի խրհրդարանի խոսնակի ու Հայաստանի արտգործնախարարի զրույցի ընթացքում շոշափվեցին երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության խթանմանն ուղղված հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային խնդիրների շուրջ, անդրադարձել խաղաղօվկիանոսյան և կովկասյան տարածաշրջանների խնդիրներին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հաջորդ հանդիպումը իր գործընկեր, Ճապոնայի ԱԳ նախարար Կացույա Օկադայի հետ էր:

Նախարար Օկադան նշել է, որ երկու ամիս առաջ պաշտոնը ստանձնելուց հետո Հայաստանի արտգործնախարարը կովկասյան տարածաշրջանից իր առաջին բարձրաստիճան հյուրն է, և դա լավ առիթ է քննարկելու երկկողմ հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: 

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:

 

Նախարարները քննարկեել են միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, գիտական և կրթական բնագավառներում համագործակցության ծավալման, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման,    

մշակութային փոխանակումների ակտիվացման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հետ կապված հարցեր:

Բանակցություններին անդրադարձ է արվել նաև արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գուրծընթացին: Նախարար Նալբանդյանն իր ճապոնացի գործընկերոջը ներկայացրեց Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: Նախարար Օկադան նշեց, որ Ճապոնիան սատարում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը եւ հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ  կարգավորումը:

Նախարար Օկադան Ճապոնիայի աջակցությունն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին և հույս հայտնել, որ ստորագրված արձանագրությունները կվավերացվեն և կիրագործվեն, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: 

Այսօր  նախատեսված է Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Ճապոնիայի գահաժառանգ Նարոհիտոյի հետ։  

Այս խորագրի վերջին նյութերը