Կարծիք

06.10.2010 10:39


Ներողություն մեկ մարդու անարգելու համար, և ոչ մի ներողություն 1.5 միլիոն մարդ սպանելու համար

Ներողություն մեկ մարդու անարգելու համար, և ոչ մի ներողություն 1.5 միլիոն մարդ սպանելու համար

2008 թվականին Ալաբամայում գործող «Հարավային աղքատության իրավական կենտրոն» (SPLC) շահույթ չհետապնդող, քաղաքացիական իրավունքների կազմակերպությունը' «Ժխտման պետություն. Թուրքիան միլիոններ է ծախսում Հայոց ցեղասպանությունը քողարկելու համար» խորագիրը կրող մի հոդված էր հրապարակել: Սա մերկացումն էր Հայոց ցեղասպանության իրողության ժխտման համար Թուրքիայի կառավարության կողմից Միացյալ Նահանգների պետական գործիչների վրա ճնշում գործադրելու և ակադեմիականներին գրավելու հանգամանորեն մշակված և չարամիտ ջանքերի:

Ըստ SPLC-ի հոդվածի, «Թուրքիան քաղաքական ճնշում է գործադրում և միլիոնավոր դոլարներ ծախսում Միացյալ Նահանգներում' Հայոց ցեղասպանությունը քողարկելու համար.... Ժխտող պատմաբանները, որոնք կասկածանքներ են մոգոնում Հայոց ցեղասպանության մասին .... վարձատրվում են Թուրքիայի կառավարության կողմից»: Այս ընդհանուր հայտարարություններից հետո, SPLC-ը հիշատակում է հատկապես Գյունտեր Լեվիին որպես «Թուրքիայի կառավարության կողմից ամեն տարի հարյուր հազարավոր դոլարների ֆինանսավորում ստացող ամերիկացի ակադեմիականների, ազդեցության փերեզակների  և կայքէջերի օպերատորների ցանցի առավել ակտիվ անդամի, որն աջակցում է Հայոց ցեղասպանության ժխտմանը....»:

Լեվին Մասաչուսեթսի համալսարանի քաղաքագիտության վաստակավոր պրոֆեսոր է և իր դասախոսություններում ու աշխատություններում Հայոց ցեղասպանությունը բնութագրում է որպես թուրքական «անճարակ կառավարման» հետևանք, և ոչ թե նախապես ծրագրված զանգվածային բնաջնջում: Նա նմանատիպ հայտարարություն էր արել իր'«Հայերի ջարդերը Օսմանյան Թուրքիայում. վիճարկելի Ցեղասպանություն» վիճահարույց գրքում, որը 2005 թվականին հրատարակել էր Յուտայի համալսարանը:

SPLC-ի հոդվածի հրապարակումից շատ չանցած, քաղաքացիական իրավունքների պաշտպանության այս խմբի դեմ, պրոֆեսոր Լեվիի անունից 8 միլիոն դոլարի զրպարտության հայց ներկայացրին փաստաբաններ Դեյվիդ Սոլցմանն ու Բրյուս Ֆայնը' Ամերիկայի թուրքական իրավական պաշտպանության հիմնադրամից (TALDF), որն ըստ TALDF-ի կայքէջի' «առատորեն աջակցություն է ստանում Ամերիկայի թուրքական կոալիցիայի կողմից»:

Մինչ ամերիկյան դատարանը կպատրաստվեր ճշտել այս մեղադրանքի իսկությունը, SPLC-ը համաձայնեց դատարանից դուրս  գործը կարգավորել' հրապարակելով «հերքում և ներողություն» և խոստանալով վճարել չհայտարարված գումար պրոֆեսոր Լեվիին: Եթե SPLC-ի դատական գործը չկարգավորվեր, ապա TALDF-ը բարդ խնդրի առաջ կկանգներ' դատարանի առջև պետք է ապացուցեր, որ պրոֆեսոր Լեվիին զրպարտել են: Դատը շահելու համար, TALDF-ը պետք է փաստեր, որ SPLC-ն այդ մեղադրանքները ներկայացրել է «չարամիտ դիտավորությամբ» և «ճշմարտության բացարձակ անտեսմամբ»: Բացի այդ, TALDF-ի փաստաբանները պետք է ցույց տային, որ վաղուց թոշակի անցած 87-ամյա պրոֆեսորը, իրական ֆինանսական կորուստներ է կրել, աշխատանքից ազատվել է կամ նրա պայմանագիրը չեղյալ է հայտարարվել, ուղղակի այդ հոդվածի հետևանքով:

SPLC-ի կողմնակիցներից ոմանք զարմացել էին, որ SPLC-ն որոշեց կարգավորել դատական գործը, քանի որ քիչ հավանական էր, որ դատը չշահեր: Հավաստի աղբյուրներից տեղեկացել եմ, որ SPLC-ն դատական գործը կարգավորեց, որպեսզի նվազեցնի փաստաբանական վճարները, ինչպես նաև, ամենայն հավանականությամբ պրոֆեսոր Լեվին համաձայնության է եկել շատ ավելի քիչ գումարով, քան 8 մլն դոլարը, որը նա նախապես պահանջում էր: Դատական գործը թողնելով հետևում, SPLC-ը կարող է կրկին նվիրվել քաղաքացիական իրավունքների պաշտպանության իր առաքելությանը:

SPLC-ն իր հրաժարագրում նշել էր. «Այժմ մենք գիտակցում ենք, որ սխալ ենք հասկացել պրոֆեսոր Լեվիի ուսումնասիրությունը, սխալ էր պնդել, թե նա մաս է կազմում թուրքական կառավարության կողմից ֆինանսավորվող ցանցի, ինչպես նաև սխալ է ենթադրել, որ ցանկացած գիտնական, որը հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը, անխուսափելիորեն ֆինանսական գործարքների մեջ է մտնում Թուրքիայի կառավարության հետ: Սույնով հրաժարվում ենք այն պնդումից, որ պրոֆեսոր Լեվինը վարձատրվել կամ վարձատրվում է Թուրքիայի կառավարության կողմից.... Խորապես ցավում ենք մեր սխալների համար և անկեղծորեն հայցում ենք պրոֆեսոր Լեվիի ներողամտությունը»:

Ի պատասխան կարգավորման դեմ արտահայտվող SPLC-ի կողմնակիցների բողոքների, կազմակերպության հանրային կապերի խոսնակ Փեննի Վիվերը, հայտարարեց. «Սույն հարցի կարգավորումը չի նշանակում, որ մենք հավանություն ենք տալիս պարոն Լեվիի տեսակետներին կամ կողմ ենք նրան: Սակայն մենք գիտակցում ենք, որ սխալ ենք ներկայացրել նրա հայացքները և սխալմամբ ասել, որ նա դրամ է վերցնում Թուրքիայի կառավարությունից: Դա սխալմունք էր, որի համար ներողություն ենք խնդրում»: Հոդվածի բնագիրը, որի հետևանքով այս դատն էր բացվել, դեռևս տեղադրված է SPLC-ի կայքէջում:

Ավելորդ է ասել, որ որևէ մեկին չպետք է զրպարտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր տեսակետներն արտահայտելու համար, անկախ այն բանից, թե որքան սխալ կամ վիրավորական են դրանք: Եթե կոնկրետ փաստ չունենք մեր ձեռքին, չի կարելի ենթադրել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ աղավաղված հայտարարություններ կատարողներն անպայմանորեն թուրքերից փող են ստանում կամ նրանք Թուրքիայի կառավարության գործակալներ են:

Ե'վ գովելի, և' հեգնական է, որ թուրքական շահերի խմբի փաստաբանները պատրաստ են բազմամիլիոն դոլարների հայց ներկայացնել Միացյալ Նահանգներում, իբր իրենց պաշտպանյալի քաղաքացիական իրավունքները պաշտպանելու համար: Սակայն, Թուրքիայում յուրաքանչյուր ոք, ով հանդգնում է խոսել Հայոց ցեղասպանության մասին, վտանգի է ենթարկվում ճշմարտությունն ասելու համար' մեղադրվելով և մի քանի տարով հայտնվելով բանտում' ըստ Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ խայտառակ հոդվածի, որն արգելում է «վիրավորել թուրքականությունը»:

Եթե TALDF-ը, իրոք շահագրգռված է քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ, պետք է իր հսկայական միջոցները հատկացնի 301-րդ հոդվածի վերացման համար, որը զգալիորեն կնվազեցնի առատաձեռն դոնորների ֆինանսական օժանդակությունն ու իր գործունեությունը կկասեցվի:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ.՝ Ռ.Ավագյանի

Այս խորագրի վերջին նյութերը