Մեկնաբանություն

13.01.2016 13:25


Տարոն Մարգարյանը ցույց է տալիս ճիշտ հասցեատիրոջը

Տարոն Մարգարյանը ցույց է տալիս ճիշտ հասցեատիրոջը

Ձմեռային «անսպասելի» ձյունը կրկին առիթ տվեց երևանցիներին քննադատելու իշխանություններին։ «Դռբի» տակ ընկավ Տարոն Մարգարյանը։

Մարդիկ արդարացիորեն դժգոհում էին այն բանի համար, որ տոնական օրերին փողոցները չմաքրվեցին, կամ մաքրվեցին շատ վատ։ Բացի այդ՝ աղբը ժամանակին չէր հավաքվել ու մնացել էր ձյան տակ՝ խոլերայի բուն դառնալով։

Երևանի քաղաքապետարանի աշխատանքային առաջին նիստի ժամանակ Տ. Մարգարյանը հոգու ճիչ արձակեց։ Նա նույնպես միացավ երևանցիների քննադատությանն ու, միևնույն ժամանակ, բոլորին ցույց տվեց քննադատության ճիշտ հասցեատիրոջը։

Քաղաքապետը հայտարարեց, որ Երևանում աղբահեռացում ու ձնամաքրում է իրականացնում «Սանիթեք» ընկերությունը, այլ ոչ թե քաղաքապետարանը։ Նա բարկացած էր վարչական շրջանների ղեկավարների վրա այն բանի համար, որ նրանք չեն վերահսկել «Սանիթեքի» աշխատանքները։

Դե, իսկ «Սանիթեքն» այն մենաշնորհային դիրք ունեցող կազմակերպությունն է, որը կապվում է Սերժ Սարգսյանի ընտանեկան (խոսքս Սաշիկի մասին չէ) շրջապատի հետ (այլ կազմակերպության չէին էլ տա եկամտաբեր ու ոչ ռիսկային այդ բիզնեսը)։ Այսինքն՝ Բաղրամյան 26–ում որոշել են փողը վերցնել իրենց, իսկ թուքումուրը թողնել Տարոն Մարգարյանին։

Հանուն արդարության՝ պետք է նշել, որ Տարոն Մարգարյանի բողոքը «Սանիթեքի» մասով ճիշտ է։ Այլ հարց է, թե ինչու է քաղաքապետը համաձայնել այդ կազմակերպությանը տալ եկամտաբեր բիզնեսը, և ընդհանրապես ինչու է համաձայնել նախագահականի տակ մտնել, բայց դե, բոլորս էլ հասկանում ենք, թե ինչն ինչոց է, և որտեղ է թաքնված շան գլուխը։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը