Աշխարհ

11.01.2016 09:06


Պուտինը հայտնել է 25 տարվա մեջ Ռուսաստանի գլխավոր սխալը (տեսանյութ)

Պուտինը հայտնել է 25 տարվա մեջ Ռուսաստանի գլխավոր սխալը (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է ՆԱՏՕ–ին դեպի արևելք ընդլայնվելու քաղաքականության և միջազգային իրավունքին հետևել չցանկանալու համար, ինչպես նաև ընդգծել, որ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո Ռուսաստանին անհրաժեշտ էր հայտարարել իր ազգային շահերի մասին։ Այս մասին հայտնում է «НТВ»–ն։

Պուտինը նշել է, որ Խորհրդային Միության փլուզումից և ՆԱՏՕ–ի համար 2–րդ ուժային կենտրոնի վերացումից հետո «ցանկություն առաջացավ լիակատար բավականություն ստանալ համաշխարհային փառքի գագաթին միանձնյա գտնվելուց»։ Հենց դա էլ, ըստ Պուտինի, հող նախապատրաստեց հետագա փոխադարձ մեղադրանքների, թյուրիմացությունների և ճգնաժամերի համար։ Մասնավորապես, ներգաղթյալների հետ կապված ներկայիս ճգնաժամը։

Այսպիսով, նա հիշեցրել է, որ Ռուսաստանն ակտիվորեն դեմ էր արտահայտվում Իրաքում, Լիբիայում և մի շարք այլ երկրներում գործողությունների իրականացմանը, սակայն նրան չէին լսում.

«Մենք ասում էինք՝ պե՛տք չէ դա անել, պե՛տք չէ այնտեղ հասնել և պե՛տք չէ սխալներ թույլ տալ։ Մեզ ոչ ոք չէր լսում։ Հակառակը՝ կարծում էին, որ մենք ինչ–որ հակադիր դիրք ենք գրավում, որը թշնամական է Արևմուտքի դիրքին։ Իսկ հիմա, երբ մենք ունենք հարյուր հազարավոր, արդեն միլիոնավոր փախստականներ, ի՞նչ եք կարծում՝ մեր դիրքորոշումը հակաարևմտյա՞ն էր, թե՞ արևմտամետ»։

Գերմանական «Bild» պարբերականին տված հարցազրույցում Պուտինը նաև հայտնել է Ռուսաստանի գլխավոր սխալը 25 տարվա մեջ՝ սկսած ԽՍՀՄ–ի փլուզումից։

«Մենք չհայտարարեցինք մեր ազգային շահերի մասին, բայց անհրաժե՛շտ էր դա անել հենց ամենասկզբից։ Եվ այդ ժամանակ, հնարավոր է, աշխարհն ավելի հավասարակշռված լիներ»,–ասել է նա՝ ընդգծելով, որ այս 25 տարվա ընթացքում Ռուսաստանը բախվել է շատ լուրջ մարտահրավերների, այդ թվում՝ արդյունաբերության անկման, սոցիալական համակարգի փլուզման, անջատողականության և միջազգային ահաբեկչության։

«Բայց այն, որ միջազգային ահաբեկչությունն օգտագործվում էր Ռուսաստանի դեմ պայքարում, իսկ որևէ մեկը կա՛մ դրան ուշադրություն չէր դարձնում, կա՛մ հակառակը՝ աջակցում էր, Ռուսաստանի հակապետական ուժերին ցուցաբերում էին քաղաքական, տեղեկատվական, ֆինանսական, երբեմն նաև՝ ռազմական աջակցություն, դա մեզ համար ակնհայտ փաստ է»,–հավելել է Պուտինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը