Լրահոս

05.10.2010 13:22


Վահե Սարգսյան. «Վրաստանը շարունակում է թոզ փչել մեր աչքերին»

Վահե Սարգսյան. «Վրաստանը շարունակում է թոզ փչել մեր աչքերին»

«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Վրաստանը շարունակում է Հայաստանի հետ նույն քաղաքականությունը վարել՝ հայտարարություններ անել՝ խնդիրները թողնելով չլուծված։

-Վրացական կողմը հերթական պաշտոնական հանդիպումից առաջ հետաքրքիր միջոցառում է իրականացնում հայկական կոմունիկացիաների նկատմամբ։ Այս անգամ էլ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի այցից առաջ Վերին Լարսի փակման դեպքն էր։ Այցի ընթացքում հաշված ժամերի ընթացքում այդ հարցերը կարգավորվում են, այսինքն վրացական կողմը նախքան բանակցությունները կարևոր փաստարկ է պահում և այն արհեստականորեն զիջելով՝ փորձում է հայկական կողմից ինչ-ինչ զիջումներ ստանալ, և այս անգամն էլ բացառություն չէր։ Եվ մենք էլ կուլ ենք տալիս դա,-ասել է նա։

Ըստ Վահե Սարգսյանի՝ Գրիգոլ Վաշաձեն իր այցի ընթացքում շահարկել է Հայաստանում Ռուսական ռազմաբազաների հարցը, բայց մոռացել է, որ Ադրբեջանի հետ իր ունեցած հարաբերությունները  բացահայտ հակահայկականությամբ են լի։

Վահե Սարգսյանը նաև նշել է, որ Վրաստանը հայոց լեզվի հաշվին վրացերենն է տարածում Վրաստանի հայկական համայնքներում, ինչը ձուլման գլխավոր նախապայմանն է, և դրան մեր կողմից ոչ մի արձագանք չկա։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը