Լրահոս

05.10.2010 11:15


ԼՂՀ պատգամավոր. «Խնդիրն այն է, թե որտե՞ղ է աշխատում փաստահավաք խումբը»

ԼՂՀ պատգամավոր. «Խնդիրն այն է, թե որտե՞ղ է աշխատում փաստահավաք խումբը»

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մուտքին Ադրբեջանից Արցախ՝  ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանն ասել է, թե ինքն ավելի շատ ուշադրություն է դարձնում այլ հանգամանքի.

-Երբ իրենք առաջին անգամ դա արեցին, նշեցին, որ  շփման գծով են մտել։ Սա է վտանգավորը, այսինքն ոչ թե ԼՂՀ սահմանով, այլ շփման գծով։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կամաց-կամաց փորձում են թեքել հարցը սուբյեկտիվ առումով։ Այսինքն իրենք այնպիսի հայտարարություններ են անում, որ իրավիճակը հանգիստ պահելու փոխարեն թեքում են դեպի լարվածություն։ Օրինակ, նրանք նշում են, թե պետք է դիտարկում կատարեն Ղարաբաղի հարակից տարածքներում, ինչը ԼՂՀ Սահմանադրության կոպիտ խախտում է, և նման հայտարարություն անելն արդեն լուրջ բան է։

Նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այդ հստակ քայլերը պայմանավորված չեն Արցախի ժողովրդի կարծիքով. «Ի՞նչ է նշանակում խոսել հարակից տարածքների կամ շփման գծի մասին և պարզապես թողնել թղթի վրա։ Սուբյեկտիվիզմն արդեն հստակ նկատվում է այստեղ»։

Անդրադառնալով ԵԱՀԿ փաստահավաք դաշտային առաքելության նշանակությանը՝ Արմեն Սարգսյանը «7օր»-ին ասել է, թե եթե գործընթացը նոր փուլ է մտնում, բնական է, որ որոշ հարցեր ավելի խորությամբ են փորձում ուսումնասիրվել, սակայն խնդիրն այլ է.

-Խնդիրն այն է, թե որտե՞ղ է աշխատում փաստահավաք խումբը։ Այսինքն փաստահավաք խումբը կարող է աշխատել Լեռնային Ղարաբաղի Հանարապետության այն տարածքներում, որոնք ազատագրվել են և վերաբնակեցվում են, բայց փաստահավաք խումբը չի կարող աշխատել Ղարաբաղին հարակից տարածքներում։ Եթե Ղարաբաղի հարակից տարածքներն են, ո՞վ է պաշտպանելու իրենց անվտանգությունը. սա է խնդիրը, ոչ թե աշխատանքն է խնդիրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը