Կարծիք

23.12.2015 10:52


Մեր հայրենիքում մարդու գինը 100 տոկոսով է զեղչված

Մեր հայրենիքում մարդու գինը 100 տոկոսով է զեղչված

Արդեն մի շաբաթ է՝ «զեղչ» բառը ստիպում է ինձ երազել, երազել, երազել....
Բջջայինից «մեսիջների» հեղեղ է թափվում: Մի հաղորդագրությունը դեռ չեմ հասցնում կարդալ, հաջորդն է գալիս: Ուղերձում են եւ ուղերձում...վերջը չի երեւում...Զեղչում են ու զեղչում, եւ դարձյալ վերջը չի երեւում...
Հայաստանում ինչքան ծանոթ ու անծանոթ ընկերություն կա՝ բջջայինիս վրա «ծըլնգ» է անում, թե շուտ արեք՝ եկեք. 30-50, 50-70 տոկոս նախատոնական զեղչեր ունենք:
Ամեն ուղերձի հետ 100 թվի ճաշասենյակիս կահույքը մտովի փոխվում-նորանում է, ամեն ուղերձի հետ 150 թվի խոհանոցիս կահույքը փոխվում-նորանում է, ամեն ուղերձի հետ աուդիո-տեսատեխնիկան, համակարգիչ-հեռուստացույց լցվում են մեր տուն, աչքիս արդեն նոր վարագույրները կախված են....
Էսօրվա ծլնգոցի շնորհիվ էլ արդեն հասա լոգարան ու երեւակայեցի, որ թափ-թազա զուգարանակոնք է դրված....
Շա՜տ սիրեցի էդ «զեղչ» բառը: Պատկերացրեք՝ ահագին ներշնչող բառ է, կարող ես այդ մի հատիկ բառից սկսել մի ամբողջ վեպ գրել: Վեպ այն մասին, թե մարդը որքան երջանիկ է ապրում Հայաստանում, որ կարող է բջջայինի ուղերձներից ոգեշնչված՝ երեւակայել, թե իր բնակարանը բարեկեցիկ, ճոխ ու հրաշալի մի դրախտավայր է: Վերջում էլ վեպիս հերոսը երգում է` «Հայաստա՜ն, երկիր դրախտավայր»:
Միայն ափսոս, որ վեպս պետք է ավարտվի «ողբերգությամբ»....
Հերոսուհին վերջում ողբաձայն հեկեկում է, երբ հիշում է, որ մեր հայրենիքում մարդու գինը 100 տոկոսով է զեղչված, ով, բնականաբար, ի վիճակի չէ օգտվել անգամ այդ 30-70 տոկոս զեղչերից ....
Կարճ ասած, ուշագնաց է լինում, ընկնում է հատակին, գլուխը խփում է փտած «տմբուշկային» ու....
Եսիմ, դեռ վերջնական չեմ որոշել: Կարող է, սկորին գա` փրկի...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը