Աշխարհ

22.12.2015 11:22


«Նորդ–Օսթի» ահաբեկչության հեղինակները որոշել էին գրավել Պետդուման

«Նորդ–Օսթի» ահաբեկչության հեղինակները որոշել էին գրավել Պետդուման

Ահաբեկիչները, որոնք 2002–ի հոկտեմբերին գրավել էին մոսկովյան Դուբրովկայի թատերական կենտրոնը, ի սկզբանե մտադիր էին մեծ ահաբեկչություն իրականացնել Մեծ թատրոնում կամ Պետդումայում։ Այս մասին գրում է «РИА Новости»–ն։

Նշվում է, որ ահաբեկչության նախապատրաստության մանրամասները հայտնի են դարձել Հասան Զաքաևի դեմ հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացությունից, որը թատերական համալիրում պատանդներ վերցրածներից և ահաբեկչության կազմակերպիչներից մեկն էր։

Թերթի տվյալներով՝ ահաբեկիչները ծրագրում էին գրավել Պետդումայի շենքը աշխատանքային մի ժամի, երբ այնտեղ շատ պատգամավորներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ կլինեին։ Զինյալները որոշել էին նրանց բոլորին հավաքել նիստերի կենտրոնական դահլիճում, ուր տեղադրելու էին մի քանի հզոր ռումբ, իսկ ողջ շինությունով մեկ կրակակետեր էին ստեղծելու։ Սակայն Պետդումայի շենքն աչալուրջ հսկվում էր, և հանցագործներն իրենց նպատակն իրականացնելու համար ևս մի ջոկատի ու հավելյալ զենքի կարիք կունենային, ինչի համար էլ այդ տարբերակը նրանք, ի վերջո, չեղարկել են։

Պարբերականը գրում է, որ հանցագործները դիտարկում էին նաև Մեծ թատրոնը ներկայացման ժամանակ գրոհելու հավանականությունը։ Այնտեղ էին արգելափակելու մարդկանց ու տեղադրելու էին ռումբեր։ Սակայն շուտով պարզվել է, որ Մեծ թատրոնի տակ նկուղներ և հաղորդակցության ուղիներ կան, որոնցով կարող էին աննկատ առաջանալ հատուկ ծառայության աշխատակիցները, մտնել շենք ու ոչնչացնել զինյալներին։

Արդյունքում՝ ահաբեկիչները կանգ են առել մայրաքաղաքային երկու թատրոնների վրա՝ Էստրադայի և Դուբրովկայի թատերական կենտրոնի, որտեղ ներակայցվում էր «Նորդ–Օսթը»։

Թերթը գրում է, որ նույն օրը նրանք մտադիր էին Մոսկվայի կենտրոնում 2 ականապատ «Ժիգուլի» պայթեցնել և ահաբեկչություն կազմակերպել Էստրադայի թատրոնում երգիչ Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ. այն իրականացնելու էր կին մահապարտը։

Հիշեցնենք՝ 2002թ. 23-26–ին զինյալների խումբը գրավել էր Դուբրովկայի թատերական կենտրոնն ու պատանդ վերցրել այնտեղ գտնվողներին։ 3 օր անց իրավապահներին հաջողվեց գրոհել շենքը, վնասազերծել ահաբեկիչներին ու ազատ արձակել պատանդներին։ Ահաբեկչության հետևանքով 130 պատանդ զոհվեց։

Հետաքննության տվյալներով՝ Զաքաևը Շամիլ Բասաևի գլխավորած հանցավոր խմբավորման անդամ էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը