Լրահոս

24.11.2009 17:27


Ոստիկանության վաշտի հրամանատարը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության՝ ՀԿԱՎ անասնահամաճարակայնության  դեմ պայքարի և կարանտին միջոցառումների անցկացման վաշտի հրամանատարի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության  օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող  դատախազը  հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ  ոստիկանության՝ ՀԿԱՎ անասնահամաճարակայնության  դեմ պայքարի և կարանտին միջոցառումների անցկացման վաշտի հրամանատար Հ. Հովհաննիսյանը նույն վաշտի առաջին դասակի ավագ ոստիկան, ոստիկանության ավագ Ա. Թովմասյանին 2-րդ դասակի հրամանատար նշանակելու և ոստիականության  սպայի կոչում շնորհելու վերաբերյալ  միջնորդություն ներկայացնելու, իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ գործողություններ կատարելու միջոցով դրան նպաստելու համար  վերջինից պահանջել և ստացել է 2500 ԱՄՆ դոլար կաշառք:
 
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ա. Թովմասյանը հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10 :00-ի սահմաններում,  իր աշխատասենյակում Հ. Հովհաննիսյանին է հանձնել պահանջած կաշառքը՝ 25 հատ ԱՄՆ 100 դոլարանոց թղթադրամներ, որոնք ԱԱԾ աշխատակիցների կողմից  նախապես մշակված են եղել  հատուկ քիմիական նյութով:

Սույն թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ  ոստիկանության ՀԿԱ վարչության շենքի 3-րդ հարկում գտնվող  Հ. Հովհաննիսյանի աշխատասենյակում կատարված խուզարկությամբ նրա նշած տեղում՝ մետաղյա պահարանում, հայտնաբերվել և առգրավվել է 2500 ԱՄՆ դոլար գումարը, աշխատասեղանի դարակում՝ ՀՀ ոստիկանության ՀԿԱ վարչության առանձին ոստիկանության վաշտի ավագ Ա. Թովմասյանին նույն վաշտի 2-րդ դասակի  հրամանատարի թափուր պաշտոնին նշանակելու  միջնորդության համար նախապատրաստված փաստաթղթերը:
Բացի այդ՝ մետաղյա պահարանի խուզարկությամբ հայտնաբերվել են նաև ապօրինի պահվող փամփուշտներ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով  և 235-րդ հոդվածի 1-ին մասով:  Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու:

ՀՀ գլխավոր դատախազություն

Այս խորագրի վերջին նյութերը