Աշխարհ

18.12.2015 14:55


Ռոգոզին. «ՌԴ–ն սեփական «Միստրալները» կստեղծի»

Ռոգոզին. «ՌԴ–ն սեփական «Միստրալները» կստեղծի»

ՌԴ–ն սեփական ուղղաթիռակիր նավերը կստեղծի, որոնք կփոխարինեն Ֆրանսիայից այդպես էլ չստացած «Միստրալներին»։ Այս մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, ասել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Պրիմորսկի շրջանում օդանավաշինական «Պրոգրես» ձեռնարկություն իր այցի ժամանակ։

«Այսօր մենք ծանոթացանք Կա-52 մարտական զրահապատ ուղղաթիռի ստեղծման աշխատանքներին.... Միևնույն է՝ մենք մե՛ր ուղղաթիռակիր «Միստրալները» կստեղծենք սեփական նավաշինարաններում»,–ասել է Ռոգոզինը՝ հավելելով, որ մինչև 2017թ. նախատեսվում է տարեկան մինչև 50 ուղղաթիռ արտադրել։

Հիշեցնենք՝ ՌԴ–ն 2011–ին գործարք էր կնքել Ֆրանսիայի հետ՝ նրանից 2 ուղղաթիռակիր նավ ստանալու վերաբերյալ։ Սակայն 2014–ին, երբ նավերից մեկն արդեն պատրաստ էր, Փարիզը հրաժարվեց կատարել գործարքի պայմանները՝ բացատրելով դա Ուկրաինայի արևելքում ծագած հակամարտությամբ։

Այդ հարցով բանակցությունները շարունակվեցին ևս մի քանի ամիս, իսկ այս տարվա գարնանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ «Միստրալները» չեն տրվի Մոսկվային այնքան ժամանակ, քանի դեռ Դոնբասում տիրող իրավիճակը չի կարգավորվել։ Արդյունքում՝ որոշում կայացվեց խզել գործարքը։ Ավելի ուշ Փարիզը Մոսկվային 949 մլն 755 հազ եվրո փոխհատուցում վճարեց։

Սեպտեմբերի վերջին ֆրանսիական կողմը հայտնեց, որ մտադիր է ՌԴ–ին փոխանցել «Միստրալի» սարքավորումները, որոնց արժեքը գերազանցում է 700 մլն ռուբլին։ Հոկտեմբերի 6–ին ՌԴ ուղարկվեց սարքավորումների առաջին խմբաքանակը։

Նշենք, որ 2016–ի սկզբին Ֆրանսիան երկու ուղղաթիռակիր նավ կմատակարարի Կահիրեին՝ համաձայն հոկտեմբերի 10–ին Եգիպտոսի հետ կնքած համապատասխան պայմանագրի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը