Քաղաքական

18.12.2015 12:17


Հայկ Ալումյան. «Մեղադրյալին ստիպել են ցուցմունք տալ Արա Բուդաղյանի դեմ»

Հայկ Ալումյան. «Մեղադրյալին ստիպել են ցուցմունք տալ Արա Բուդաղյանի դեմ»

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանի դեմ նախաքննական մարմինը փորձում է ապօրինի կերպով ապացույցներ ձեռք բերել: Նրա պաշտպան Հայկ Ալումյանին տեղեկություններ են հասել, որ գործով կալանավորված Գարեն Աթաջանյանը Արա Բուդաղյանի դեմ ցուցմունքներ է տվել: Այս մասին հայտնում է a1plus.am–ը։

«Մեղադրյալին ասում են՝ դու ցուցմունք տուր մյուս մեղադրյալի դեմ, մենք այնպես կանենք, որ օրինակ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն կստանանք, որ դու այլեւս չես կարող մնալ կալանքի տակ եւ քեզ կազատենք կալանքից: Սա իհարկե ակնհայտ անօրինական տեխնոլոգիա է եւ ես հիմքեր ունեմ ասելու, որ այս պահին այդ գործով այսպիսի տեխնոլոգիա է կիրառվում: Մեղադրյալներից մեկին հակում են իրականությանը չհամապատասխանող կեղծ ցուցմունք տալ Արա Բուդաղյանի դեմ, որի դիմաց նրան խոստացել են ազատ արձակել»,- ասաց պաշտպանը:

Գարեն Աթաջանյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հայկ Ալումյանը վստահ է՝ փորձաքննությունը տալու է եզրակացություն, որ անձը առողջական վիճակից ելնելով հնարավորություն չունի գտնվել կալանքի տակ եւ նրան ազատ են արձակելու կալանքից:

«Նախաքննական մարմինը Գարեն Աթաջանյանի առջեւ պայման է դրել, որ ինքը միշտ պետք է ցուցմունք տա Արա Բուդաղյանի դեմ: Սա ակնհայտ անօրինական տեխնոլոգիա է եւ այս ձեւով ցանկացած քրեական գործ կարելի է «սարքել» մարդու գլխին»,- ասաց Արա Բուդաղյանի պաշտպանը:

Մանրամասները՝ a1plus.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը