Աշխարհ

17.12.2015 17:40


Վրաստանի վարչապետը պատասխանել է Պուտինի՝ վիզային ռեժիմը չեղարկելու մասին հայտարարությանը

Վրաստանի վարչապետը պատասխանել է Պուտինի՝ վիզային ռեժիմը չեղարկելու մասին հայտարարությանը

Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին արդեն արձագանքել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ Մոսկվան պատրաստ է Վրաստանի հետ չեղյալ հայտարարել վիզային ռեժիմը:

Այս կապակցությամբ Վրաստանի վարչապետն ասել է, որ իրենք կարծում են, որ դա ճիշտ քայլ է Ռուսաստանի կողմից:

«Irakligaribashvili.ge»-ի փոխանցմամբ` միաժամանակ, Ղարիբաշվիլին հիշեցրել է, որ Վրաստանը դեռևս 2011-ին է չեղյալ հայտարարել վիզային ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ:

«Ընթացիկ տարում մենք կրկին երկարաձգել ենք Ռուսաստանի քաղաքացիների` Վրաստանում գտնվելու ժամկետը, քանի որ մենք մտածում ենք ռուս զբոսաշրջիկների այցերի և հասարակության միջև փոխհարաբերությունների մասին:
Մենք բազմաթիվ հայրենակիցներ ունենք, ովքեր ապրում են Ռուսաստանում, բացի այդ, վրացի բազմաթիվ գործարարներ ու շարքային քաղաքացիներ շահագրգիռ են վիզային ռեժիմը դյուրացնելու հարցում:
Նրանց ցանկությունն է ճամփորդել երկու երկրներում էլ նվազագույն դժվարություններով:
Չնայած Վրաստանի և Ռուսաստանի միջև տարաձայնություններին և 2008 թվականի իրադարձությունների պատճառներին՝ մենք վերջին երեք տարիների ընթացքում կարողացել ենք առևտրի, տրանսպորտի և հումանիտար ոլորտներում որոշակի առաջընթաց գրանցել: Մենք պատրաստ ենք շարունակել պրագմատիկ ընթացքը դեպի Ռուսաստան և ռուս պաշտոնյաներից ակնկալում ենք նման մոտեցում»
,-ասել է Վրաստանի վարչապետը:

Ղարիբաշվիլին նշել է, որ առաջիկայում Վրաստանում սպասում են Եվրամիության կողմից վիզային ռեժիմի չեղարկմանը, որը, վարչապետի խոսքով, պատմական իրադարձություն է: Վրաստանի վարչապետը նշել է, որ Վրաստանի կառավարության սկզբունքն է ազատ տեղաշարժ ապահովել իր երկրի քաղաքացիների համար:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը