Լրահոս

15.12.2015 17:29


Ավազակային հարձակում հայտնի գործարարի տան վրա (տեսանյութ)

Ավազակային հարձակում հայտնի գործարարի տան վրա (տեսանյութ)

Ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում քաղաքացին դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ զինված ու դիմակավորված հանցագործը ներս է մտել Բաշինջաղյան 65 տուն և զենքի սպառնալիքով ներսում բռնություն է գործադրում տան անդամների նկատմամբ:

Այս մասին տեղեկացնում է «shamshyan.com»–ը։

Նշված տնից հրազենային վնասվածքով երիտասարդ մի աղջկա են տեղափոխել հիվանդանոց և ավազակային հարձակումը կատարողին: Վերջինս «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է հայտնի գործարար, «Շանթի Յուրա» մականվամբ Յուրա Ղարիբյանին: Հանցագործին վնասազերծել է տանտիրուհին, երբ նա կրակոց է արձակել երիտասարդ աղջկա վրա, ու տանտիրուհին, վտանգելով իր կյանքը, կարելի է ասել, փրկել է տան բոլոր անդամներին: Ավազակային հարձակում կատարողը հրազենային վնասվածք է ստացել, ինչն էլ դարձել է նրա մահվան պատճառը:

***

Ոստիկանության հաղորդագրությունը.

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի Բաշինջաղյան փողոցի 65 տան վրա:
Հարձակվողը, դիմակավորված և զինված, մտել է տուն, բայց հանդիպելով տանտերերի դիմադրությանը՝ կրակել է նրանց ուղղությամբ: Տանտերերից մեկն էլ դանակով հարվածել է հարձակվողին:
Ահազանգով դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ, շտապօգնության խմբեր:
Վնասվածք ստացած երկու անձ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, հարձակվողը մահացել է:
Հանգամանքները ճշտվում են:
Դեպքին մանրամասն կանդրադառնանք ավելի ուշ:

Այս խորագրի վերջին նյութերը