Կարծիք

04.10.2010 14:58


Մենք Pass ենք

Մենք Pass ենք

Ոչ մի արձագանք, ոչ մի նոտա, ոչ մի շարժում... համատարած անմեղսունակություն: Թուրքերը տեսան, որ այսպիսին են մեր իշխանությունների առնվազն մի քանի օղակները: Թուրքերը դեռ մի կողմ: Ողջ աշխարհն այլևս հասկացավ, թե ի դեմս Հայաստանի ում հետ գործ ունի, մեր դատի պաշտպանության դիրքերում հայտնված հայտնի ու անհայտ բոլոր քաղաքական գործիչները հասկացան, թե ինչպես եւ ում դատն են պաշտպանում:

Թուրքական մի դուրսպրծուկ քաղաքական կազմակերպություն, պետության թույլտվությամբ, որոշում եւ նամազ է կազմակերպում հայկական եկեղեցում: Նույն օրը ՀՀ վարչապետը ՀՀ գյուղնախարարի ուղեկցությամբ սերմացու ցորենով բեռնված վագոններ է բեռնաթափում' տեսեք-տեսեք, Ռուսաստանից մեզ բարձրորակ սերմացու են ուղարկել' կարմիր ցորեն, ընտիր:

Ցորենը, որ հետո հաց է դառնում, մարդուն կուղարկեն, հարգելի Ռուսաստան, եւ ոչ թե նրանց, որ ոչ հացի ու ոչ էլ որևէ այլ սրբության արժեք չեն գիտակցում: Թուրքերը հայ հավատի տները պղծելը քիչ են համարում այլևս, հիմա էլ գալիս փռվում են դրանց հատակին ու քամակները տնկում մեր կողմը, թե նամազ ենք անում: Հետևաբար մեր ինչի՞ն է պետք էդ բարձրորակ ցորենը: Պիտի էդ ցորենի հացը ծամենք թուրքի քամակին նայելո՞վ:

ՀՀ արտգործնախարա՞րը պետք է ուտի այդ հացը: Ափսոս է, ախր, հացը: Այս մարդը, որ գիշերներն այնքան լավ է տեսնում, օրը ցերեկով մատն իսկ չշարժեց, իր թուրք պաշտոնակցին հասկացնելու, թե այ խրտվիլակ, հետույքո՞վ էիր ուզում Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել: Վուդրո Վիլսոնի գերեզման այցելած ՀՀ նախագահը, չգիտեմ, պիտի հուշե՞ր նրան այս մասին, թե ոչ, բայց մի բան հաստատ է' նոտա գրելուց Նալբանդյանի ձեռքը չէր ջարդվի:

Հասմիկ Պողոսյանի եւ Հրանուշ Հակոբյանի փեշին դարձյալ ոչինչ չեր պատահի, եթե մի քիչ «լաչառություն» անեին, աղմկեին այսինքն, ամենքն իր գծով, եթե իհարկե, իրենց գործի մեջ ինչ-որ գիծ ունեն: Թող Եվրամիության ամբիոններն օգտագործեին, միջազգային մշակութային ու իրավապաշտպան ատյանները, բողոքեին, ասեին, որ թուրքերը միտումնավոր հենց մեր տեսադաշտում են պղծում հայությունն ու նրա հոգեմշակութային հուշարձանները, որ սա արդեն իսկական արհամարհանք է մի ողջ ժողովրդի հասցեին, որ 21-րդ դարում թուրքերի արարքը մակակներին հատուկ բան է, որ այս կարգի թերզարգացածներին Եվրոպա չի կարելի թողնել:  Չէ, նախընտրեցին համավորիկ հարսների պես լռելը: Իսկ լռեցին, որովհետև Սուրբ Խաչ գնալը չէին դատապարտել, չէին ասել, թե քաղաքական շոուներով ժողովուրդների միջև հարաբերություն, առավել եւս բարիդրացիություն հնարավոր չէ հաստատել:

Այսօր արդեն Շվեյցարիայի արտգործնախարարը, խնդրեմ, սկսել է ճառել, թե հետամուտ է մեկ տարի առաջ ոչ բարով ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրին: Այսքանից հետո Հովիկ Աբրահամյանը, որ Շվեյցարիայում էր, ինչ է թե արձանագրությունները խորհրդարան են հասել, չփորձեց սրան բառիս բուն իմաստով պոռնիկ անվանել, հայ ժողովրդի ճակատագրի հետ խաղացող պոռնիկ: Կարող էր, չէ՞, հասկացնել, որ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ մյուս անգամ սեղան կնստի ոչ թե սահման բացելու, այլ ցեղասպանությունը նրանց կողմից ճանաչելու գործընթացի մանրամասները ճշտելու, հատուցման եւ հայ ժողովրդից խլված հայրենիքն ու ինչքը հետ վերադարձնելու խնդիրները քննարկելու համար: Այ հենց որ այս հարցերը կլուծվեն, թող էն ժամանակ էլ հրապարակ գան քաղաքական պոռնիկներն ու որոշեն, թե որ ճանապարհով են ուզում գազ տանել իրենց երկրները:

Մեր արտգործնախարարության խոսնակը միայն կարողացավ բարբառել' Շվեյցարիայի արտգործնախարարը սուտ է ասում, երբ խոսում է հայ-թուրքական արձանագրությունների թեման թարմացնելու մասին: Հավատա՞նք նրան: Մի ուրիշ ջահել խոսնակ, այս անգամ ՀՀԿ-ից, մեզ ասում է' հավատացեք: Տեղ թողե՞լ են, որ հավատանք:

Վերջապես ո՞վ է կարդացել Անիի մայր տաճարում նամազ կատարելու առիթով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի բողոքի հայտարարությունը: Այն այսպես է սկսվում. «Վրդովմունքով տեղեկացանք, որ Թուրքիայի իշխանությունների արտոնությամբ հոկտեմբերի 1-ին «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից նամազ է կազմակերպվել Անիի հայոց Սուրբ Աստվածածին մայր տաճարում»: Ոշադրություն դարձրեք, խնդրեմ, «տեղեկացանք, որ նամազ է կատարվել» արտահայտությանը: Մի ամիս խոսվում էր այս մասին, իսկ մեր սուրբ հայրերը, ասացեք խնդրեմ, տեղեկացել են, որ նամազն արդեն կատարվել վերջացել է: Լավ է, գոնե այս արարողությանը միաբաններ չեն ուղարկել: Ամեն ինչ հնարավոր էր, չէ՞: Սուրբ Խաչի արարողությունն էլ նման մի բան չէ՞ր: Ի՞նչ տարբերություն Էջմիածնի համար, թե ով իր աղոթքը կուղղի առ միակ Աստված' քրիստոնյա հայը, թե թուրք մահմեդականը: Կարևորն այն է, որ Աստծո տանը աղոթք հնչի: Որոշ կղերականներ նաև սա են մեզ ասում Ախուրյանի այս ափից ու փորձում խաղաղեցնել հայերիս հոգիները: Մի՞թե այսպես կխոսեր Եղիշեն, մանավանդ որ Սուրբ Էջմիածինը հընթացս հայտարարում է, որ «սույն քայլը քաղաքական սադրանք է եւ որեւէ առնչություն չունի հոգեւոր-բարեպաշտական զգացումների եւ կրոնական ազատության ու իրավունքների հետ: Միաժամանակ դա փորձ է ժխտելու հայկական պատկանելությունը Անիի մայր տաճարի, որ աղոթազրկվել է հայոց ցեղասպանության հետեւանքով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում այսօրինակ գործողությունները, որոնք սերմանում են անհանդուրժողություն եւ հայատյացություն: Բացարձակապես անընդունելի է նաեւ քրիստոնեական սրբավայրի տրամադրումը նամազի համար' այն դեպքում, երբ հետեւողականորեն արգելվում է քրիստոնեական ժառանգության իրավատերերին պաշտամունք մատուցել իրենց իսկ տաճարներում»: Ո՞ւր են այսքանից հետո մեր Եղիշեները: Ո՞ւր ենՀռոմի կիսամեռ Պապը կամ Համայն Ռուսիո Պատրիարքը, ով Բաքվում մեծ-մեծ ճառեր էր ասում քրիստոնյա եւ մահմեդական համայնքների' միմյանց հանդեպ հանդուրժողականության մասին: Նրանք չկան, որովհետև մեկը Հռոմի Պապն է, իսկ մյուսը' Համայն Ռուսիո Պատրիարքը ու նրանց, մեղա Տեր, տանձին էլ չի, թե ինչ կանի թուրքը հայկական եկեղեցիների հետ:

Լավ, նրանց հոգը չէ, ենթադրենք, իսկ մերո՞նց: Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդեն խոսում է Թուրքիայի քաղաքական նենգ խաղերի մասին. «Ակնհայտ է նաեւ, որ սույն քայլով Թուրքիան վերստին ի դերեւ է հանում Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը' ի նպաստ հայ-թուրքական երկխոսության հաստատման եւ հարաբերությունների կարգավորման»: Լսո՞ւմ եք' «Ակնհայտ է»: Ո՞վ պետք է տեսնի Հայաստանի ու հայության դեմ ուղղված այդ ակնհայտ քաղաքական քայլը: Գուցե նաև ՀՀ քաղաքական իշխանություններն ու ՀՀ նախագա՞հը: Բայց ՀՀ նախագահը, ակնհայտը թողած, «Գրանդ քենդիի» կոնֆետների արտադրության մանրամասներն է փորձում տեսնել: Գուցե դա էլ է պետք, գուցե այդ կերպ մենք մեր հարևաններին ու միջազգային հանրությանը ցանկանում ենք ասել, որ առանց ձեր օգնության էլ կարող ենք յոլա գնալ մեր արտադրանքով: Եվ, այնուամենայնիվ, զարմանալի է Հայաստանի սահմանի վրա նամազի առիթով ՀՀ նախագահի քար լռության փաստը, որից, ավաղ, օգտվում են թուրքերը և մեկ էլ Հայաստանի լափառոշ լրատվամիջոցները:

Էլի ի՞նչ ասենք: Մնում է, որ հայ ժողովուրդն էլ այս իշխանությունների հանգույն հայտարարի, որ ինքն այս խաղում «փաս» է եւ սեփական ապագայի ու լինելության հարցերում լիովին ապավինում է տաճար պղծող թուրքերին, ցորեն տվող ռուսներին ու մեկ էլ մեր արտգործնախարարությանը «սխալ հանող» Շվեյցարիայի արտգործնախարարին: Սա էլ որ լինի' այլևս ոչ ոք, ոչ մեկին, ոչ մի հարցում չի կարողանա մեղադրել: Այդ ժամանակ անտարբեր կլինենք հերթական պղծության հանդեպ ու մեզ ուղարկված ցորենը ծամելով' կհետևենք մեր շուրջը տեղի ունեցող ամեն ինչին:

Էդիկ Անդրեասյան

Հ.Գ. Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները գործնականում ընդհատվել են։ Այդ մասին հայտարարել է Թուրքիան ներկայացնող պետնախարար Էգեմեն Բաղիշը։

«Բանակցություններն ընդհատվել են քաղաքական այնպիսի ինտրիգների արդյունքում, որոնց չի հանդիպել ԵՄ թեկնածու եւ ոչ մի երկիր»,-ընդգծել է Բաղիշը։ «Այդպիսի մոտեցումն անարդար է եւ չհիմնավորված։ Թուրք ժողովուրդն ավելի ու ավելի է հիասթափվում Եվրամիության անդամ դառնալու իր ցանկությունից»։

Լրահոսում կարդալով այս ցնցող լուրը' ակամա մտածեցինք' այդ ինչպես է պատահել, որ մեր հանրապետական արծիվների ուշադրությունից այն վրիպել է եւ մինչ այս պահը չի որակվել որպես ՀՀ իշխանությունների նախաձեռնողական քաղաքականության հետևանք եւ նամազ սիրող Թուրքիո պետության կապիտուլյացիա: Պետք է ավելի ուշադիր լինել, պարոնայք պրագմատիկներ:

Այս խորագրի վերջին նյութերը