Կարծիք

15.12.2015 08:51


Կարպիս Փաշոյան. «Հիմա էլ սկսել են երեխաներին հետապնդել»

Կարպիս Փաշոյան. «Հիմա էլ սկսել են երեխաներին հետապնդել»

Հիմա էլ սկսել են երեխաներին հետապնդել:
Զգուշացում՝
իմ մասին ինչ ուզում եք՝ խոսեք. ասեք, որ ես իշխանական պրոյեկտ եմ, դավաճան եմ և այլն, բայց երեխաների հետ գործ չունեք: Խոստանում եմ՝ դա կլինի Ձեր վերջը:
Լրագրողներին, իրավապաշտպան կազմակերպություններին խնդրում եմ աչալուրջ լինել:
Հարգելի՛ ծնողներ, դուք մենակ չեք. ես ցանկացած պարագայում Ձեր և երեխաների կողքին եմ:
Իմ և նրանց տարբերությունը՝
ես երեխաներին չեմ ասել՝ ինչ գրեն, իսկ երբ հարցրել են, թե ի՞նչ անենք, ասել եմ՝ արեք այն, ինչ որ ցանկանում եք:
Իսկ նրանք ոչ միայն երեխաներին ստիպում են չխոսել, այլ նաև ինձ փորձում են վարկաբեկել:
Բացի այդ, փորձ է արվում վարկաբեկել նաև երեխաներից առանձնահատուկ ակտիվներին:
Երեխանե՛ր,
խնդրում եմ՝ ինձ հայհոյող ուսուցիչների նկատմամբ չփոխել և ոչ մի վերաբերմունք, քանզի ես էլ չեմ փոխել: Նրանք մեղք չունեն, հատկապես տիկին Համբարյանը, որն ատամներով պահում է այդ դպրոցը և ինչպես իմ, այնպես էլ բոլորիդ համար մոր պես է եղել ու կա:

***
Վերջաբանի փոխարեն
Թերևս այս գրառմամբ եզրափակենք այս պատմությունը:
Շատերը նշում են՝ մի՞թե չկար այս խնդիրը կարգավորելու այլ տարբերակ:
Իհարկե, կար, բայց ես ընտրեցի հենց այս մեկը, քանզի յուրաքանչյուր խնդիր պետք է բարձրաձայնվի, մեղսագործները պետք է քարկոծվեն: Արդյունքում՝ կունենանք նախադեպ, որը կբացառի կրկնությունը:
Սա խոսքի ազատության մի փոքրիկ հաղթանակ էր, պայքար հանուն Սահմանադրության հիմնարար դրույթների պաշտպանության:
Ես հավատում եմ Հայաստանի ապագային, հավատում եմ, որ մի օր այս պետությունը դառնալու է ժողովրդավարության կղզյակ, ինչպես կանխատեսել են մի շարք հետազոտողներ:
Հիմա իմ անձի շուրջ՝
շատերը կարծում են, թե սա գովազդ էր, և ես հասա իմ նպատակին, քանզի արդեն հայտնի եմ:
Ես նման ձգտում չեմ ունեցել և ոչ էլ հայտնի եմ դարձել, այլ հայտնի է դարձել միջադեպը, իմ մասին վաղը ոչ ոք չի խոսելու, իսկ միջադեպի հիշողությունը կապրի հարատև: Այսուհետ յուրաքանչյուր տնօրեն ամենաթողության ճանապարհը բռնելուց առաջ կհիշի այս դեպքը և մի լավ կմտածի: Իսկ ես մնալու եմ նույն պատմության ուսուցիչը:
Առավոտյան պետք է արթնանամ և գնամ աշխատանքի, խմեմ նույն սուրճը և վերադառնամ տուն՝ առանց որևէ ակնկալիքի:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին այս խնդրին: Հասարակական արձագանքը հուսադրող էր, քանզի քաղաքացիական հասարակության կայացումը սարերի հետևում չէ:
Այսքանով վերջ:
Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը