Քաղաքական

08.12.2015 17:48


Ստեփան Մարգարյան. «Դատելով եղածից՝ խախտումներ են եղել»

Ստեփան Մարգարյան. «Դատելով եղածից՝ խախտումներ են եղել»

ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը դեռ չի շտապում հանրաքվեն կայացած համարել, և ափսոսանք է հայտնում, որ հասարակության մոտ կրկին անվստահություն է առաջացել համապետական միջոցառման նկատմամբ.

«Ես չունեի այն լծակները, որոնցով կարող էի հետևել ընտրությունների ընթացքին, այսինքն դիտորդական առաքելություններ իրականացնող կազմակերպություններ, ես հետևել եմ մամուլով ու սոցցանցերով, ափսոսում եմ, որ նորից հասարակության մեջ անվստահություն առաջացավ համապետական նման միջոցառման նկատմամբ, ինչը ես շատ կարևորում եմ, որովհետև սահմանադրությունը մեր վաղվա կյանքն է: Կարծում եմ, որ ԿԸՀ-ն ու իշխանությունները բոլոր այդ դեպքերի հետ կապված, որոնք ներկայացված են սոցցանցերում, պարտավոր են հիմնավոր բացատրություն տալ»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Մարգարյանը:

Հարցին, թե պատգամավորը կայացած համարո՞ւմ է հանրաքվեն, Ստեփան Մարգարյանն ասաց, որ ինքը մինչև չստանա հրապարակումների վերաբերյալ պատասխաններ, չի կարող ընտրությունները կայացած համարել:

Այն դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն արդեն հայտարարում է, որ Հայաստանն այլևս խորհրդարանական երկիր է, Մարգարյանը նկատեց.

«Դե անշուշտ, եթե վերջնական որոշումը լինի, բնականաբար անցում է դեպի խորհրդարանական համակարգ, ես ձեռնպահ եմ մնում նման բաներ ասելուց»:

Հիշեցմանը, որ ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը հայտարարել է, որ ընտրությունները կարելի է կայացած համարել, իսկ ընտրակեղծիքների վերաբերյալ խոսակցությունները բամբասանք է որակել, Ստեփան Մարգարյանն արձագանքեց.
«Կարծում եմ, որ ԿԸՀ-ն պարտավոր է պարզապես պաշտոնական պատասխան տալ բոլոր այդ բողոքներին, սոցցանցերում տեղադրված տեսանյութերին և դրանից հետո նոր գնահատականը տալ՝ կայացած է, թե՞ ոչ»:
Հարցին, թե ինչ կարծիք ունի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի այն դիտարկման վերաբերյալ, թե հանցագործություն է կատարվել, Ստեփան Մարգարյանն ասաց, որ դատելով եղածից, ապա խախտումներ են եղել, բայց դրանց վերաբերյալ բացատրությունը դեռևս չկա:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը