Աշխարհ

07.12.2015 11:48


Ստամբուլը վերածվում է ահաբեկիչների պատրաստության կենտրոնի (տեսանյութ)

Ստամբուլը վերածվում է ահաբեկիչների պատրաստության կենտրոնի (տեսանյութ)

Թուրքիայի ժամանակակից իշխանությունը ձգտում է վերականգնել երբեմնի Օսմանյան կայսրությունը։ Այդ նպատակով վերջին տարիներին երկրում շատ բան է փոխվել՝ թե՛ ներքին քաղակականությունը և թե՛ արտաքին։ Այս մասին ասել է Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր Հաքա Գյունեշը։

Ինչպես նշում է «vesti.ru»–ն, Էրդողանն ուզում է ժողովրդի հայր ներկայանալ, բայց նա, ավելի շուտ, շրջված Աթաթուրքն է, որն ուզում էր աշխարհիկ դարձնել Թուրքիան։

Երկրում իր իսլամականացմամբ անմիջապես աչքի է զարնում Ֆաթիհի շրջանը. կանանց մեծ մասն այստեղ հիջաբով է, տղամարդիկ՝ մորուքներով, գրառումներն՝ արաբերեն, նորաձև խանութների ցուցափեղկերում՝ մուգ գույնի երկար հագուստներ։

Նման շրջաններ քաղաքում շատ կան՝ Դուզդժե, Ադապազարի, Օմերլի, որոնք վերածվում են հավաքատեղիների և ջիհադականների պատրաստման կենտրոնների։

Ստորև ներկայացված տեսանյութում պատկերված է ԻՊ մասնաճյուղի կողմից աղոթքի անցկացումն Օմարլիում։

Ահաբեկիչների համար նախատեսված ճամբարների հարցով քանիցս խորհրդարանը դիմել է Էրդողանին, սակայն նման հարցերը «ժողովրդավարական հանրապետությունում» ընդունված չէ քննարկել։

«Մենք մեկ անգամ չէ, որ առաջարկել ենք Էրդողանին ուժեղացնել անվտանգությունը Սիրիայի հետ սահմանին։ Տարբեր երկրներից ավելի քան 10 հազ մարդ այդ խմբավորմանն է միացել՝ անցնելով Թուրքիայի սահմանից։ Մեզ հայտնի է նավթի մասին, որը երկիր է գալիս Սիրիայից։ Լրագրողներին հենց դա ապացուցող փաստերի համար էլ ձերբակալեցին»,–ասել է Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության փոխնախագահ Նազմի Րյուրը։

Ուշագրավ է, որ նախագահը չի հերքել այդ տեղեկատվությունը, այլ մեղադրել է լրագրողներին պետական գաղտնիքը բացահայտելու մեջ։

«Մեր վարչակազմը զավթողամոլական ձգտումներ ունի... Այսօր Թուրքիայում ամեն բան հավատքի շուրջ է պտտվում։ Էրդողանը փորձում է աստվածապետություն ստեղծել»,–ասել է Գյունեշը։

Ծնողներն արդեն վախենում են, որ պետական դպրոցները կարող են վերածել մեդրեսեների։ Կան նույնիսկ դպրոցներ, որտեղ տղաների ու աղջիկների ուսուցումն արդեն առանձին է։

«Միապետ օսմաններն արդեն պատմություն են, սակայն, ինչպես երևում է, Թուրքիայում ոչ բոլորն են հաշտվում այն մտքի հետ, որ սուլթանների ու նրանց անբաժանելի իշխանության ժամանակներն անցյալում են մնացել»,–գրում է պարբերականը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը