Աշխարհ

03.12.2015 19:14


Բանանն անհետացման շեմին է

Բանանն անհետացման շեմին է

Աշխարհում ամենահայտնի միրգն անհետացման եզրին է. սնկային վարակը սպառնում է բանանի՝ աշխարհի բոլոր պլանտացիաներին։

«moya-planeta»–ի փոխանցմամբ՝ «Fusarium oxysporum f.sp. cubense» անունով սունկը կամ պանամական հիվանդությունն արդեն հասցրել է ոչնչացնել Թայվանի, Ինդոնեզիայի և Մալազիայի ցանքերը։ Մասնագետների խոսքերով՝ վարակի տարածումը Լատինական Ամերիկայում, որը բանանի հիմնական արտահանողն է, ուղղակի ժամանակի հարց է։

Հոլանդիայի Վագենինգեն համալսարանի հետազոտողները նշել են, որ հիվանդության աղբյուրը Հարավարևելյան Ասիայում է։

Պանամական հիվանդության կլոնը՝ TR4–ը, նախ հայտնաբերվել է Ինդոնեզիայում, այնուհետև տարածվել Թայվանում, Չինաստանում և տարածաշրջանի մյուս երկրներում։ Նշվում է, որ սունկը նկատվել է նաև Պակիստանում, Լիբանանում, Հորդանանում, Օմանում, Մոզամբիկում և Քվինսլենդում։

Այդ հիվանդությամբ վարակված բույսը թոշնում է անոթային համակարգի՝ շարքից դուրս գալուց հետո, որն էլ դժվարացնում է հողից անհրաժեշտ քանակության ջրի ստացումը։ Վարակված շրջաններից զգալիորեն նվազել է բանանի արտահանումը։

«The Daily Mail»–ի տեղեկացմամբ՝ ներկայումս վարակված բույսը չի բուժվում, և, մեծ հավանականությամբ, սունկը կշարունակի տարածվել՝ ընդգրկելով նաև այլ շրջաններ։

ՄԱԿ–ի տվյալներով՝ բանանն իր տարատեսակությամբ աշխարհում գյուղատնտեսական 8–րդ կարևոր արտադրանքն է։ Ապրանքաշրջանառությունը կազմում է 8,9 մլրդ դոլար։ Ավելի քան 150 երկրում ամեն տարի աճեցվում է 105 մլն տ բանան։

Աշխարհում բանանի ամենախոշոր ներմուծողը համարվում է ԱՄՆ–ը. տարեկան այդ երկիրը գնում է 4 մլն տ բանան։ Երկրորդ տեղում ԵՄ–ն է։ Դե, իսկ բանանի խոշորագույն արտահանողներն են Էկվադորը, Ֆիլիպինները, Կոստա–Ռիկան, Գվատեմալան և Կոլումբիան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը