Լրահոս

02.10.2010 13:32


Վլադիմիր Գասպարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Վլադիմիր Գասպարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին:

Մեկ այլ հրամանագրով, Սերժ Սարգսյանը գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ' ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից:

* * *

Կենսագրական համառոտ տվյալներ

Դավիթ Էդգարի Տոնոյանը ծնվել է 1967թ. դեկտեմբերի 27-ին: 1991թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը, 1997թ.' Մոսկվայի ռազմադիվանագիտական ակադեմիան: 1992-1994թթ. ծառայել է ՆԳՆ համակարգում,  ՀՀ զինված ուժերում է 1994 թվականից:

2007 թվականից մինչ նշանակումը եղել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետը, ունի ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Անբասիր եւ բարեխիղճ ծառայության համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան», « Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ եւ 3-րդ աստիճանի մեդալներով: Ամուսնացած է, ունի 2 երեխա:

* * *

Գեներալ-մայոր Վլադիմիր Սերգեյի Գասպարյանը ծնվել է 1958թ. սեպտեմբերի 9-ին: 1989թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ քննչական բարձրագույն դպրոցը, ՀՀ զինված ուժերում է 1997 թվականից: Գեներալ-մայորի զինվորական կոչումը նրան շնորհվել է 16.08.2001թ.: ՀՀ իրավապահ մարմիններում ծառայողական ուղին սկսել է 1982 թվականից եւ զբաղեցրել մի շարք պատասխանատու եւ ղեկավար պաշտոններ' ինչպես ՀՀ ՆԳ նախարարությունում, այնպես էլ' դատախազությունում: 1997թ. զբաղեցրել է  ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության, այնուհետեւ  ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետի պաշտոնները, 28.06.2010 թվականից մինչ նշանակումը եղել է  ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետը:

1989թ. գեներալ-մայոր Վ. Գասպարյանը մասնակցել է ազգային ազատագրական պայքարին, ՀՀ հյուսիսային սահմանների պաշտպանության մարտերում' կոորդինացրել ներքին զորքերի կողմից իրականացվող մի շարք մարտական գործողություններ: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Արիության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Անբասիր ծառայության համար» 1-ին եւ 2-րդ աստիճանի մեդալներով, «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալներով:

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Այս խորագրի վերջին նյութերը