Քաղաքական

02.12.2010 10:38


Սերժ Սարգսյանի ելույթը ԵԱՀԿ գագաթնաժողովում

Սերժ Սարգսյանի ելույթը ԵԱՀԿ գագաթնաժողովում

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ գագաթնաժողովում.

«Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարների այս հանդիպումը կարելի է յուրահատուկ համարել. այն ԵԱՀԿ առաջին գագաթնաժողովն է 21-րդ դարում և առաջինն է հետխորհրդային տարածքում: Շնորհավորում եմ ղազախստանյան գործընկերներին և անձամբ Նուրսուլթան Նազարբաևին ակտիվ նախագահության և բարձր մակարդակով անցկացվող գագաթնաժողովի համար:

ԵԱՀԿ տարածքում բնակվող ժողովուրդները հույսով և սպասումով են հետևում Հելսինկյան Եզրափակիչ ակտում ընդգրկված սկզբունքների ամբողջական կիրառմանը: Նրանցից է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը ևս կարող է ակնկալել այդ նույն սկզբունքների ու պարտավորությունների իրականացումը, որոնք համըն¬դհա¬նուր են' անկախ երկրի չափերից, բնակչության քանակից և բնական պաշարներից:

Լեռնային Ղարաբաղը 1991թ. սեպտեմբերին հռչակեց իր անկախությունը, որին հաջորդեց նույն թվականի դեկտեմբերին կայացած Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն'լիովին համապատասխանելով միջազգային իրավունքի նորմերին և Խորհրդային Միության գործող օրենսդրությանը: Դրան հաջորդած ԽՍՀՄ փլուզման արդյունքում ձևավորվեցին նաև երկու իրավահավասար պետական կազմավորումներ'Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ադրբեջանի կողմից էթնիկական զտումների քաղաքականության և Ինքնորոշված Ղարաբաղի դեմ 1992 թվականին սանձազերծված զինված ագրեսիային ի պատասխան, Լեռնային Ղարաբաղը' չճանաչված, բայց լեգիտիմ պետությունը, ոչնչացման վտանգի առջև կանգնած ժողովրդին փրկելու համար պարտադրված եղավ դիմել ինքնապաշտպանու¬թյան, ինչը ամբողջությամբ համապատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին:

Չհասնելով ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը' Ադրբեջանը ստիպված եղավ 1994 թվականի մայիսին ստորագրել կրակի դադարեցման եռակողմ համաձայնագիր' Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Զինադադարը կարող էր սկիզբ դառնալ տարածաշրջանում ժողովուրդների շահերից բխող երկարատև խաղաղության հաստատման համար:

Բայց Ադրբեջանն անցած 16 տարիները բանակցությունների քողի տակ, ի հակառակ Մինսկի խմբի ջանքերի, օգտագործեց նոր ռազմական արկածախնդրություն նախապատրաստելու համար: Բաքվում համարում են, որ մոռացվել է ղարաբաղյան հակամարտության պատճառահետևանքային կապը: Երբ այսօր Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակի հսկողության տակ գտնվող տարածքների վերադարձի անհրաժեշտության մասին, մոռանում է, որ հնարավոր չէ վերացնել իր իսկ ծավալած ագրեսիայի հետևանքներն, առանց վերացնելու հակամարտության պատճառը:

Տիկնա́յք և պարոնա́յք,

Ադրբեջանը եվրոպական մայրցամաքում ինձ հայտնի միակ երկիրն է, որը հպարտությամբ է խոսում իր ռազմական բյուջեի բազմապատկման մասին: Եվրոպայում սովորական սպառազինությունների թույլատրելի սահմանների շեշտակի խախտման դեմ ոչ միայն չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ, այլև իրականացվում է այդ տեսակի սպառազինությունների վաճառք, այդ թվում և ԵԱՀԿ անդամ-պետությունների կողմից: Այս ամենը համեմվում է Ադրբեջանի ղեկավարության բացահայտ հայատյաց ելույթներով, թշնամանք, ագրեսիա, բռնություն սերմանող կոչերով: Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի պաշտոնյաները որևէ առիթ բաց չեն թողնում ասելու, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանը գտնվում է, այսպես կոչված, «պատմական ադրբեջանական հողերի» վրա: Իսկ վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ում վիճարկում էին խաչքարի' հայկական քրիստոնեական արվեստի գլուխգործոցի, հեղինակային իրավունքները և պնդում, որ խաչքարը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական արվեստի նմուշ: Միայն տարակուսել կարելի է, թե ինչու այդ դեպքում, ընդամենը 5 տարի առաջ, այդքան վայրագաբար ոչնչացվեց այդ արվեստի խոշորագույն հուշարձաններից մեկը' Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատունը' հազարավոր խաչքարերով, որի տեղում կառուցվեց ռազմական հրաձգարան: Ի դեպ, դա, արդեն մեր օրերում, դարձավ Ադրբեջանի կազմում ամենաբարձր մակարդակի ինքնավարություն ունեցող Նախիջևանում հայկական մշակութային ժառանգության ի սպառ ոչնչացման երկարատև և հետևողական քաղաքականության գագաթնակետը:

Հարգելի́՛ գործընկերներ,

Ադրբեջանի փորձերը ուժի սպառնալիքով կորզելու միակողմանի զիջումներ ոչ միայն ի սկզբանե դատապարտված են ձախողման, այլև շարունակում են մնալ փոխզիջումային տարբերակով խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը: Իսկ վերջին մեկ շաբաթվա մեջ ես կրկին համոզվեցի, որ այս փուլում Ադրբեջանը հետաքրքրված չէ Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի լուծմամբ: Նրա միակ նպատակը Հայաստանին առավելագույն վնաս հասցնելն է:

Հայաստանը կտրականապես չի ընդունում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը: Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե և իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար:

Լեռնային Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում, և, ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից: Դա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը: Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո́չ իրավական, ո́չ քաղաքական և ո́չ էլ բարոյական հիմք:

Հարգելի́՛ գործընկերներ,

ԵԱՀԿ գագաթնաժողովն ինքնին մեծ կարևորություն է ներկայացնում կազմակերպության հետագա գործունեության համար: Ցանկանում եմ հատուկ ընդգծել այն մեծ ավանդը, որ ԵԱՀԿ նախագահող երկիրը' Ղազախստանը, ներդրել է այս երկար սպասված հանդիպումն իրականություն դարձնելու և բարձր մակարդակով անցկացնելու համար:

Շնորհակալություն»:

Այս խորագրի վերջին նյութերը