Աշխարհ

30.11.2015 12:21


Ադրբեջանը բացել է թուրքական բեռնատարների համար Պուտինի փակած դուռը

Ադրբեջանը բացել է թուրքական բեռնատարների համար Պուտինի փակած դուռը

Ռուսաստանն արգելել է իր տարածք Թուրքիայից բեռնատարների մուտքը, ինչի պատճառով վրաց-ռուսական սահմանում մեծ խցանումներ են առաջացել:

Դրա հետ կապված` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է պարզեցնել Ադրբեջանի տարածքով թուրքական բեռնատարների տարանցման գործառույթը, որպեսզի դրանք Բաքվից Կասպից ծովով լաստանավերով փոխադրվեն միջինասիական երկրներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպերս»–ը, հայտնում է թուրքական ԶԼՄ-ն` նշելով, որ Թուրքիայի ԱԳՆ-ն Ալիևի որոշման մասին արդեն տեղեկացրել է տրանսպորտային աշխատողների «UND» տեղական միությանը:

Ըստ տեղեկատվության՝ Ռուսաստանի հետ կապված թուրք բեռնափոխադրողների համար ծագած խնդիրների մասին Ադրբեջանի ղեկավարությանը տեղեկացրել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքու կատարած այցին:

Այժմ եթե թուրք վարորդներն անգամ մուտքի արտոնագիր և համապատասխան փաստաթղթեր չունենան, Ադրբեջանում նրանց նկատմամբ տույժեր չեն կիրառվի:

Նշվում է, որ ադրբեջանական կողմը թուրք բեռնատարների համար 50 տոկոսով նվազեցրել է նավերի և նավահանգիստների տարիֆները:

Ռուսաստանյան ԶԼՄ-ն հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ուժեղացնել Թուրքիայից ժամանող բեռնատար ավտոմեքենաների գործունեության վերահսկողությունը, ինչի վերաբերյալ հատուկ տնտեսական միջոցառումների մասին հրամանագիր է ստորագրել:

Հրամանագրում, մասնավորապես, ասվում է, որ 2016 թվականի հունվարի 1-ից գործատուներին արգելվում է Թուրքիայի քաղաքացիներին աշխատանքի վերցնել Ռուսաստանում, ՌԴ տարածքում արգելվում է Թուրքիայի իրավազորության տակ գտնվող կազմակերպությունների գործունեությունը, արգելվում է թուրքական ապրանքների նեկրումը ՌԴ:

Բացի այդ, հրամանագրում ասվում է, որ տուրիստական օպերատորները պետք է խուսափեն Թուրքիա զբոսաշրջային փաթեթների վաճառքից, ՌԴ և Թուրքիայի միջև չարթերային թռիչքներն արգելվելու են: 2016 թվականի հունվարի 1-ից դադարեցվելու է Թուրքիայի հետ առանց արտոնագրերի ռեժիմը:

Մանրամասները՝ «Արմենպերս»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը