Լրահոս

27.11.2015 14:12


ԱԱԾ–ն զուգահեռներ է տանում վնասազերծված հանցավոր խմբի և Նաիրի Հունանյանի միջև

ԱԱԾ–ն զուգահեռներ է տանում վնասազերծված հանցավոր խմբի և Նաիրի Հունանյանի միջև

Այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը նշել է, որ ԱԱԾ տարբեր ստորաբաժանումների համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտված և վնասազերծված հանցավոր խումբն իր զինվածության մակարդակով, անդամների թվով, կազմակերպվածությամբ և ծրագրված հանցագործությունների վտանգավորությամբ ու դաժանությամբ նախադեպը չի ունեցել ՀՀ տարածքում։ Միաժամանակ, նա զուգահեռներ է տարել այս դեպքի և Նաիրի Հունանյանի և նրա հանցավոր խմբի կողմից կատարվածի հետ։

Պատկերացրեք, թե ինչ հաջողություն կլիներ, եթե Նաիրի Հունանյանի խմբին հանցագործությունը կատարելուց երեք օր առաջ, ինչը մեր դեպքում հիմա տեղի ունեցավ, կարողանայինք բացահայտել: Այն ժամանակ չարախոսներ կգտնվեին, որոնք կասեին՝ երիտասարդ տղաներ էին, ի՞նչ էր նրանց արածը։

Նա նշել է, որ այդ խումբը ձևավորվել է հանցավոր կոնկրետ նպատակներով, անդամներից յուրաքանչյուրն իմացել է իրեն բաշխված դերը և պարտականությունները, գաղտնի հեռախոսահամարներ են ունեցել միմյանց հետ կապ պաշտպանելու համար։

Ընտրված են եղել հանցագործության թիրախները և կատարման եղանակները։ Միայն կարող եմ ասել, որ հանցագործությունները միտված են եղել քաղաքացիների, պետական քաղաքական գործիչների, իշխանության առանձին ճյուղերի, ինչպես նաև մարմինների նկատմամբ։ Ծրագրել են սպանություններ՝ հանրության, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով։ Այդ խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով։ Գումարները տրվել են ՀՀ տարածքում, բայց դրանց ծագման, ստացման աղբյուրը դեռ պետք է պարզենք։ Ոչ մի երաշխիք չկա, որ կարող են լինել խմբում ընդգրկված այլ անձինք, որոնք մեր տեսադաշտում չեն։ Դրա համար հսկողությունն ուժեղացվել է,–­նշել է Մ. Համբարձումյանը՝ հավելելով, որ ԱԱԾ մամուլի կենտրոնը պարբերաբար տեղեկություններ կհաղորդի այս դեպքի առնչությամբ, բայց նախաքննական գաղտնիությունից ելնելով՝ հնարավոր չէ ներկայացնել բոլոր մանրամասները:

Ասել է միայն, որ այս գործով այսօրվա դրությամբ 21 մարդ է ձերբակալված, և որ նրանց մեղադրանք է առաջադրվել բավարար ապացույցների համակցության հիման վրա։

Ի դեպ, նաև հավելել է, որ հանցավոր խմբի և որևէ քաղաքական ուժի միջև կապ այս պահին չեն տեսնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը