Աշխարհ

27.11.2015 09:50


С-400–ը և «Մոսկվա» հածանավը Սիրիայում են. ՌԴ ՊՆ առաջին տեսանյութերը

С-400–ը և «Մոսկվա» հածանավը Սիրիայում են. ՌԴ ՊՆ առաջին տեսանյութերը

«Վեստիի» փոխանցմամբ՝ ռուսական «Մոսկվա» հածանավը Լաթաքիայի ափ է հասել այդ տարածաշրջանի հակաօդային պաշտպանությունն ապահովելու համար։ ՌԴ ՊՆ–ի հաղորդմամբ՝ նույն նպատակով «Հմեյմիմի» ավիաբազա է հասցվել նաև С-400 հակահրթիռային համալիրը, որն արդեն մարտական հերթապահություն է սկսել։

Հիշեցնենք՝ ՌԴ ՊՆ–ն Սիրիայում С-400 տեղակայելու որոշում էր կայացրել սիրիական երկնքում Թուրքիայի կործանիչով Սու–24–ի խոցումից հետո։ Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ մարտական առաջադրանքները կատարելուց հետո С-400–ը կվերադառնա ՌԴ։

«Այժմ մենք ավելի հուսալի միջոցներով կապահովենք ԻԼԻՊ–ի և ահաբեկչական մյուս խմբավորումների դեմ պայքարող մեր ինքնաթիռների անվտանգությունը», –ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։

Ավելի վաղ գրել էինք, որ ԱՄՆ զինվորակաները խորապես անհանգստացած են Սիրիայում զենիթահրթիռային С-400 տեղակայելու ՌԴ որոշմամբ։

«С-400–ն իր շառավղով կծածկի ողջ Սիրիան։ Ըստ էության, դա ռուսներին Սիրիայի օդային ողջ տարածքը վերահսկելու հնարավորություն կտա։ Իսկ դա նշանակում է, որ ցանկացած ինքնաթիռ, լինի Թուրքիայից, թե ՆԱՏՕ–ի այլ երկրից, Սիրիայի օդային տարածքով կարող է թռչել միայն ու միայն ռուսներից կանաչ լույս ստանալուց հետո»,–ասել էր «CNN»–ի միջազգային թղթակից Մեթյու Չանսը։

ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն էլ հայտարարել էր, որ Սիրիայում С-400 տեղակայելու մասին որոշումը չի քննարկվել ՆԱՏՕ–ի հետ։

Այդ նույն ժամանակ Լաթաքիայի մերձափնյա շրջանում իր տեղն է զբաղեցրել «Մոսկվա» հածանավը, որը նույնպես մարտական հերթապահություն է սկսել տարածքում։ Շոյգուն հավաստիացրել է՝ հածանավը տեղում կոչնչացնի ՌԴ ավիացիային սպառնացող ցանկացած նշանակետ։

Այս խորագրի վերջին նյութերը