Աշխարհ

25.11.2015 14:01


Պուտին. «Թուրքիայի ղեկավարությունը նպատակաուղղված աջակցություն է ցուցաբերում իր երկրի իսլամականացմանը»

Պուտին. «Թուրքիայի ղեկավարությունը նպատակաուղղված աջակցություն է ցուցաբերում իր երկրի իսլամականացմանը»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված կերպով աջակցում է իր երկրի իսլամականացման գործընթացին։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»–ը։

«Խնդիրը միայն այն ողբերգությունը չէ, որի հետ մենք բախվեցինք երեկ։ Խնդիրը շատ ավելի խորն է,–ասել է Պուտինը լրագրողներին,–մենք նկատում ենք (և ոչ միայն մենք, վստահեցնում եմ ձեզ՝ դա տեսնում են ամբողջ աշխարհում), թե ինչպես է Թուրքիայի այսօրվա ղեկավարությունը բավականին երկար տարիների ընթացքում նպատակաուղղված ներքին քաղաքականություն վարում իր երկիրն իսլամականացնելու և դրան աջակցելու ուղղությամբ»։

Պուտինն ընդգծել է, որ իսլամը համաշխարհային խոշոր կրոն է, որը նաև ՌԴ–ում ավանդական կրոններից մեկն է հանդիսանում։

«Մենք ինքներս աջակցում ենք իսլամին և կանենք դա, բայց այստեղ խոսքն ավելի արմատական ուղղվածության մասին է։ Եվ դա ինքնին շատ անբարենպաստ միջավայր է ստեղծում, որն առաջին հայացքից անտեսանելի է»,–նշել է Պուտինը։

Նա նաև արդարացված է համարել ՌԴ ԱԳՆ–ի կոչը ռուսաստանցիներին՝ զերծ մնալ Թուրքիա այցելություններից։

«Ուրիշ ի՞նչ պետք էր անել այդպիսի ողբերգական դեպքերից հետո, ինչպիսին մեր ինքնաթիռի ոչնչացումն էր և օդաչուի զոհվելը։ Դա հարկադրված քայլ էր, և ԱԳՆ–ն ճիշտ է անում, որ զգուշացնում է մեր քաղաքացիներին վտանգի մասին»,–նշել է Պուտինը՝ հավելելով, որ Թուրքիայում գտնվող ՌԴ քաղաքացիները կարող են զգալի վտանգի ենթարկվել։

«Այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ նախօրեին, մենք չենք կարող բացառել այլ միջադեպերը ևս, և եթե դրանք տեղի ունենան, մենք, այսպես թե այնպես, պարտավոր կլինենք դրանց արձագանքել»,–ասել է ՌԴ նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը