Կարծիք

24.11.2015 12:57


Պետք է ոչ թե Սահմանադրությունը փոխել, այլ այն անձանց, ովքեր անարդյունավետ են կառավարում

Պետք է ոչ թե Սահմանադրությունը փոխել, այլ այն անձանց, ովքեր անարդյունավետ են կառավարում

Քանի որ ԱՅՈ-ի ու ՈՉ-ի քարոզարշավի կողմերին հավասարապես մեղադրում են հիմնավորումներ չբերելու մեջ, փորձեմ մի քանի կետով հիմնավորել (մինչև դեկտեմբերի 6-ը կարող են լինել լրացումներ), թե ինչու եմ սահմանադրական փոփոխություններին ՈՉ ասելու:
1. Խորհրդարանական մոդելի համար պետք է ունենալ կայացած կուսակցական համակարգ, որովհետև ներկայիս որակի խորհրդարանին, երբ 131-ից մաքսիմում 30-ն են զբաղվում պատգամավորական գործունեությամբ, երկրի ապագա վստահելը առնվազն մազոխիզմ կլինի:
2. Եթե ներկայիս Սահմանադրությունը նախատեսում է նախագահի՝ 2 ժամկետ անընդմեջ ընտրվելու իրավունք, նորի դեպքում ոչ մի նման արգելք չկա, նույն մարդը կկարողանա արդեն առանց շատ տանջվելու ցմահ կառավարել վարչապետի պաշտոնում (հուսով եմ՝ տեղյակ եք, որ ընտրությունները կեղծվում են Հայաստանում, ու հարց չի առաջանա, թե ինչպես)))։
3. Կայուն մեծամասնության ձևավորումը հակասում է պառլամենտարիզմի սկզբունքներին: Երկրում զարգացում ապահովելու համար ոչ մի ուժ չպետք է ունենա մեծամասնություն ու միանձնյա որոշումներ չկայացնի, որպեսզի օրենքները ընդունվեն առողջ բանավեճերի ու քննարկման արդյունքում, ոչ թե վերևից ասելու ու կնոպկա սեղմելու:
4. Դեռ ոչ մի ԱՅՈ-ի կողմնակից չի բերել ոչ մի փաստարկ կամ կետ, որը խանգարում է կոնկրետ ինչ-որ խնդիր լուծելուն: Հանրապետական կուսակցությունը արդեն 16 տարի իշխանություն է, և եթե իրականում նպատակը վերարտադրությունը չի, կարող էին և պարտավոր էին փոխել կառավարման համակարգը մինչև հիմա: Ի՞նչն էր խանգարում:
5. Ի վերջո, եթե ուզում ենք փոփոխություններ, պետք է ոչ թե Սահմանադրությունն ու կառավարման համակարգը փոխել, այլ այն անձանց, ովքեր անարդյունավետ են կառավարում արդեն տարիներ շարունակ: Ինչպես արդեն նշեցի, ներկայիս Սահմանադրությունը թույլ կտա 2018-ին ունենալ նոր նախագահ, ինչը շատ ավելի լուրջ փոփոխություն կլինի, քան եթե նույն անձինք շարունակեն կառավարել, բայց փոխվեն պաշտոնների անվանումները:

Հ.Գ. Աշխարհի ամենազարգացած երկրներից մեկում՝ Շվեդիայում, վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողները սոցհարցումների ժամանակ պնդում էին, որ բավական գոհ են իրենց կառավարությունից, բայց նրանք արդեն 8 տարի շարունակ կառավարում են, և ժամանակն է նրանց փոխելու, քանի որ մնալու դեպքում տեղի կունենա լճացում: Արդյունքում՝ իշխող կոալիցիան ստացավ 39.7% ձայն, իսկ ընտրություններում հաղթած դաշինքը՝ 44.8%: Մարդիկ փոխում են նույնիսկ լավ կառավարություններին, որոնք դրական զարգացում են ապահովել, իսկ մերոնք պնդում են, թե խնդիրը Սահմանադրությունն է:

Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը