Աշխարհ

21.11.2015 10:10


ՄԱԿ ԱԽ–ն միաձայն բանաձև է ընդունել ԻՊ դեմ պայքարի վերաբերյալ (տեսանյութ)

ՄԱԿ ԱԽ–ն միաձայն բանաձև է ընդունել ԻՊ դեմ պայքարի վերաբերյալ (տեսանյութ)

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում երկրներին, միջազգային իրավունքին համապատասխան, ձեռնարկել բոլոր միջոցառումները «Իսլամական պետության» և Իրաքում ու Սիրիայում այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի համար։ Ֆրանսիայի ներկայացրած այս բանաձևին կողմ են քվեարկել ՄԱԿ ԱԽ անդամ բոլոր 15 պետությունները։

ԱԽ անդամները նաև կոչ են արել ՄԱԿ անդամ պետություններին ակտիվացնել ջանքերը օտարազգի ահաբեկիչների հոսքը Իրաք և Սիրիա դադարեցնելու համար, ինչպես նաև վերջ դնել ծայրահեղական խմբավորումների ֆինանսավորմանը, որոնք եկամուտ են ստանում նավթի և հնագույն իրերի վաճառքից։ Այս մասին հայտնում է «ТАСС»–ը։

Բանաձևում նաև դատապարտում են ահաբեկչություններն Անկարայում, Բեյրութում, Փարիզում, Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի պայթեցումը։

ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է՝ Ռուսաստանը պետք է հասնի նրան, որ ԱԽ–ն ընդունի ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ իր բանաձևի նախագիծը։

Ահաբկչության դեմ պայքարում գործողությունները համակարգելու մասին բանաձևի տեքստը Ռուսաստանը ներկայացրել էր այս տարվա սեպտեմբերի վերջին, սակայն փաստաթուղթը չէր գոհացրել արևմտյան մի շարք երկրների, քանի որ դրանում կոչ էր արվում համակարգել հակաահաբեկչական ջանքերը այն երկրների իշխանությունների հետ, որոնց տարածքում ռազմական գործողություններ են իրականացվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը