Աշխարհ

19.11.2015 11:12


Վաշինգթոնը Մոսկվայի հետ համատեղ գործողություն չի ծրագրում Սիրիայում

Վաշինգթոնը Մոսկվայի հետ համատեղ գործողություն չի ծրագրում Սիրիայում

ԱՄՆ–ը Ռուսաստանի հետ համատեղ գործողություն չի ծրագրում Սիրիայում. Վաշինգթոնը չի համաձայնեցնում իր քայլերը Մոսկվայի հետ։ Այս մասին, «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորրենը։

«Մենք որևէ շփում չունենք և չենք համաձայնեցնում մեր գործողությունները ռուսների հետ»,–ասել է Ուորրենը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ–ը ղեկավարում է 65 երկրից բաղկացած կոալիցիան, որը ռմբակոծում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը Սիրիայում և Իրաքում։

Ընդ որում՝ Սիրիայում կոալիցիան գործում է առանց տեղական իշխանությունների թույլտվության։ Կոալիցիայի ավիահարվածների մոտ 90%–ը հասցնում է ԱՄՆ ՌՕՈւ–ն։

ԱՄՆ–ը Սիրիայում ԻՊ դիրքերը ռմբակոծող ՌԴ ՌՏՈՒ–ի հետ պայմանավորվել է միայն ինքնաթիռների միջև համապատասխան հեռավորություն պահպանելու մասին՝ օդում հնարավոր բախումներից խուսափելու համար։

Նախօրեին ՌԴ ՌՏՈւ–ին պատկանող հեռահար ազդեցության Ту-22М3 ռմբակոծիչների էսկադրիլիան հերթական հուժկու հարվածն է հասցրել Ռաքքայում և Դեյր–էզ–Զորում ԻՊ դիրքերին՝ խոցելով դրանցից 6–ը։ Ոչնչացվել են ռազմամթերքի պաշարներ, տեխնիկայի կուտակումներ, ահաբեկիչների վարժանքների ճամբարներ և պայթուցիկ սարքեր։ Ту-160 ռազմավարական հրթիռակիրներն էլ օդային բազավորման 12 թևավոր հրթիռ են արձակել ԻՊ դիրքերի ուղղությամբ Հալեպում և Իդլիբում։ Ոչնչացվել են ահաբեկիչների դաշտային ճամբարը, ռազմամթերքի 2 պահեստ, 3 հրամանատարական կետ։

ՌԴ ԶՈւ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ–գնդապետ Անդրեյ Կարտապալովը ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է, որ օրվա ընթացքում Հմեյմիմի օդակայանից ծրագրվում է 100 ռազմական թռիչք, նախատեսված է ահաբեկչական տարբեր խմբավորումների 190 թիրախ։

Հիշեցնենք՝ ՌԴ ավիախումը մի քանի օրվա ընթացքում ահաբեկիչների 500 բենզատար է ոչնչացրել, որոնք նավթ էին տեղափոխում Սիրիայից Իրաք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը