Լրահոս

21.11.2009 16:12


Լևոն Բարսեղյանի կարծիքով «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ում միլիոնավոր դրամների հասնող չարաշահումներ են կատարվել

Լևոն Բարսեղյանի կարծիքով «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ում  միլիոնավոր դրամների հասնող չարաշահումներ են կատարվել

Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ, Շահերի պաշտպանության և աջակցման Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Լևոն Բարսեղյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ տեղեկատվության հարցումների միջոցով պարզել է, որ «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ում  բազմամիլիոն դրամների հասնող չարաշահումներ են կատարվել: Լևոն Բարսեղյանի խոսքերով՝ չարաշահումները հնարավոր է եղել բացահայտել տնօրենի փոփոխության ընթացքում ընկած ժամանակահատվածում:

«Նախկին տնօրե՛ն, մենք տեղեկատվության հարցում ենք արել «Ջրմուղի» ունեցվածքի, կատարված ծախսերի վերաբերյալ: Նախկին տնօրենն էլ, մտածելով, որ պլան ենք կատարում, պատասխանել է, թե ինչպիսի «կալվածք» ունի  Ջրմուղը: Հետո տնօրենը փոխվել է,- նշել է Լևոն Բարսեղյանը՝ տեղեկացնելով, որ երկրորդ նմանատիպ հարցումն արդեն նոր տնօրենին է ուղարկել, ով տրամադրել է նույն տեղեկատվությունը, սակայն համեմատելով երկու տնօրենների ուղարկած նույն տեղեկատվությունները՝ ի հայտ են եկել  բազմաթիվ անհամապատասխանություններ, դրա հետ մեկտեղ նոր տնօրենի կողմից տրամադրվել է նաև հիմնարկում արձանագրած պակասորդների մասին տեղեկատվություն:

«Հիմա մենք մանրամասն համեմատում ենք նախկին և ներկա տնօրենների կողմից տրամադրած տեղեկությունները: Մանրամասն նայելու դեպքում կտեսնեք, թե ինչ դիսոնանսներ կան: Օրինակ՝ նախկին տնօրենը Ղազանչի-Գյումրի ջրագիծը ներկայացնում է իբրև 2 ջրագիծ, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը 40,1 կմ է, իսկ նոր տնօրենի պատասխանում գրված է, որ դրանց երկարությունը 39,1 կմ է: Ինչպե՞ս է եղել, որ այդ ջրագծերը երկու ամսվա ընթացքում կարճացել են 2 կմ-ով,- հարցնում է Լևոն Բարսեղյանը՝ ավելացնելով,-սա իհարկե անհեթեթություն է, սակայն փաստն այն է, որ ահռելի չափերի՝ 400-500 մլն դրամի հասնող պակասորդներ կան: Օրինակ՝ վերջին պատասխանում ասում են, որ պահեստապետը՝ Լյուդվիգ Էլբակյանը, հայտարարություն է տվել այն մասին, որ պարտավորվում է 5-ամսյա ժամկետում վերադարձնել 50-ից 125 սմ տրամագծի մետաղական խողովակներ և փոխհատուցել դրանց արժեքը:  Եղբա՛յր, եթե  դու գտել ես, որ պակաս են դրանք, ինչո՞ւ չես դիմել ոստիկանություն, ինչո՞ւ ես դիմել այն մարդուն, որը քո կարծիքով պետք է փոխհատուցի այդ վնասը: Մեկ այլ դեպքով պահեստապետն է հանձն առել վերադարձնել 2 մլն դրամի հասնող հայտնաբերված պակասորդը, սակայն մահացել է: Այս դեպքում կրկին ոստիկանություն չի դիմվել»,-նշում է հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը՝ ընդգծելով, որ նման խախտումները բազմաթիվ են:

Վերոհիշյալ խախտումների վերաբերյալ Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ, Շահերի պաշտպանության և աջակցման Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Լևոն Բարսեղյանը  հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը