Աշխարհ

17.11.2015 21:43


Պուտինն ու Օլանդը խոսել են և պայմանավորվել համակարգել ԻՊ դեմ պայքարը (տեսանյութ)

Պուտինն ու Օլանդը խոսել են և պայմանավորվել համակարգել ԻՊ դեմ պայքարը (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ֆրանսիացի պաշտոնակից Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց են ունեցել՝ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։

Երկու երկրների նախագահները պայմանավորվել են համակարգել Ռուսաստանի և Ֆրանսիայի ռազմական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների գործողություններն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, Պուտինն ու Օլանդը հատուկ ուշադրություն են դարձրել միջազգային ահաբեկչությանը հակազդելու հարցում երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացմանը։

Նշենք, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան այսօր ավիահարվածներ են հասցրել Սիրիական Ռաքքայի տարածքում գտնվող ԻՊ դիրքերին։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը:

Կրեմլի մամուլի ծառայությունից նաև հայտնում են որ այսօր Վլադիմիր Պուտինն այցելել է Ռուսաստանի պաշտպանության վերահսկողության ազգային կենտրոն, որտեղ խորհրդակցություն է անցկացրել Սիրիայում ՌԴ օդատիեզերական ուժերի գործողությունների վերաբերյալ։

Պուտինը հանձնարարել է կապ հաստատել Ֆրանսիայի ռազմածովային խմբի հետ՝ ահաբեկչության դեմ համատեղ գործողություններ իրականացնելու նպատակով։

Հավելենք, որ հաջորդ շաբաթ Ֆրանսուա Օլանդն այցելելու է Վաշինգտոն և Մոսկվա՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը