Աշխարհ

17.11.2015 12:19


Բելգիայի Մոլենբեքն արդեն ահաբեկիչների բուծարան են անվանում (տեսանյութ)

Բելգիայի Մոլենբեքն արդեն ահաբեկիչների բուծարան են անվանում (տեսանյութ)

Նախօրեին բելգիական հատուկ ծառայությունները լայնածավալ գործողություն էին սկսել Բրյուսելի արվարձաններում։ Բելգիական մայրաքաղաքում կրակոցներ ու պայթյուններ էին լսվում։ Հատուկ ծառայությունները Մոլենբեքի մի քանի փողոց էին արգելափակել և շրջափակել տներից մեկը։

Ինչպես հայտնում է «vesti.ru»–ն՝ տեղական ԶԼՄ–ին հղումով, այնտեղ էր ապրում Փարիզի ահաբեկչությունների մասնակից, 26–ամյա Սալահ Աբդեսլամը, որին հաջողվել էր թաքնվել։ Սակայն ձերբակալել նրան կրկին չի հաջողվել։ Հանցանշանների անբավարարության պատճառով ոստիկանությունը ստիպված էր բաց թողնել ահաբեկչությունների 5 ենթադրյալ մասնակցի։

Մոլենբեքը համարվում է Բրյուսելի ամենավտանգավոր շրջանը, որն այսօր լեցուն է ներգաղթյալներով։ Գետտո հիշեցնող այդ տարածքում բելգիացիներ գրեթե չկան։ Իշխանությունները չեն կարողանում վերահսկել այն. Մոլենբեքն արդեն անվանում են ահաբեկիչների բուծարան։

Հունվարին Փարիզի կոշերային խանութը գրոհած իսլամական Քուլիբալին այնտեղից էր։ 2014–ին Բրյուսելի եվրոպական թանգարանում կրակահերթ բացած Մեհդի Նեմուշը նույնպես Մոլենբեքից էր։ Վերջապես, հենց այդ շրջանից էր նաև այս տարվա օգոստոսին Բրյուսել–Փարիզ ճեպընթաց գնացքում հրաձգություն բացած, մարոկկացի Այուբ Էլ Հազզանին, որին ուղարկել էր Մոլենբեքից մեկ այլ մարոկկացի Աբդելհամիդ Աբաուդը։ Հենց Աբաուդին են ներկայումս կասկածում Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման մեջ։ Հայտնի է, որ նա գլխավորել է ահաբեկիչներին Սիրիայում։

Բելգիական հատուկ ծառայություններին տրվող հարցերն իրենց թվով չեն զիջում ֆրանսիացի նրանց գործընկերներին տրվող հարցերից։ Դավադիրները շատ մոտ են եղել նրանց, և միայն միջազգային մակարդակի հասնող ահաբեկչություններից հետո են տեղի իշխանությունները լրջացել՝ իմանալով, որ Բելգիայի մայրաքաղաքում Մոլենբեքի նման շրջան կա, որտեղ հարկավոր է ինչ–որ բան ձեռնարկել։

«Մենք պետք է վերջ դնենք ահաբեկչությանը Մոլենբեքում։ Դա գլխավոր առաջադրանքն է։ Մենք կգործադրենք բոլոր ջանքերը այդ առաջադրանքը կարճ ժամանակահատվածում լուծելու համար»,–ասել է Բելգիայի ՆԳՆ ղեկավար Յան Ժամբոնը։

Իրենց հերթին Փարիզի ահաբեկչությունների մասնակից Սալահ Աբդեսլամին են ձեռքից բաց թողել ֆրանսիացի իրավապահները։ Հայտնի է, որ նրա մեքենան կանգնեցրել են ահաբեկչություններից մի քանի ժամ անց, երբ արդեն հայտնի էր, որ նրա անունով է վարձակալված եղել գրոհայինների կողմից օգտագործված ավտոմեքենաներից մեկը։ Սակայն Սալահի փաստաթղթերը ստուգելուց հետո նրան հանգիստ բաց են թողել։ Նշվում է, որ Փարիզում ուրբաթ օրը «Բաթաքլան» համերգասրահի մոտ տեղակայված սրճարանում հենց նրա ավագ եղբայր Իբրահիմն էր պայթեցրել իրեն։

«Նա սովորական մարդ թվաց՝ ինչպես նկարում։ Մորուք չուներ, երկար հագուստով չէր։ Միանգամայն սովորական մարդ էր՝ ինչպես դուք և ես»,–պատմել է Մոլենբեքի սրճարանի կառավարիչը։

Ֆրանսիական «Լե Մոնդի» հավաստմամբ՝ Եվրոպայում Բելգիան անխոս առաջնորդն է այն երկրների, որտեղից կամավորներ են մեկնել՝ ԻԼԻՊ–ի շարքերում կռվելու։ Հատուկ ծառայությունների տվյալներով՝ նրանցից հարյուրավորներն արդեն հետ են վերադարձել։ Պարզ է, որ Բրյուսելի միայն մի անհաջող շրջանով՝ Մոլենբեքով հարցը չի լուծվում. ահաբեկիչները ցրվել են ամբողջ Եվրոպայով մեկ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը