Աշխարհ

16.11.2015 13:14


Ֆրանսիայի վարչապետը նախազգուշացրել է Եվրոպայում նոր ահաբեկչությունների մասին

Ֆրանսիայի վարչապետը նախազգուշացրել է Եվրոպայում նոր ահաբեկչությունների մասին

«Իսլամական պետության» զինյալները նոր ահաբեկչություններ են նախապատրաստում ոչ միայն Ֆրանսիայում, այլև Եվրոպայի այլ երկրներում։ Այս մասին այսօր «RTL»–ի եթերում ասել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը։

Վարչապետը նշել է, որ դա չի ասում վախեցնելու համար, այլ նրա, որ մարդիկ տեղյակ լինեն և նախապատրաստվեն։

«Ահաբեկչությունները կարող են կրկնվել առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում»,–ասել է Վալսը՝ հավելելով, որ եվրոպացիներին դեռ երկար կուղեկցի ահաբեկչական սպառնալիքը։

Նրա խոսքերով՝ ֆրանսիական կառավարությունը գիտեր պատրաստվող գրոհների մասին։ Վալսը նշել է, որ ուրբաթ իրականացված ահաբեկչությունները նախօրոք ծրագրվել են Սիրիայում, և որ Ֆրանսիան ներկայումս պատերազմի մեջ է «Իսլամական պետության» հետ։

«Independent»-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի լրագրողների հետ զրույցում էլ Վալսն ասել է.

«Ֆրանսիան հարձակման է ենթարկվել ոչ միայն նրա համար, որ հարվածել է «Իսլամական պետությանը», այլ նրա, որ Ֆրանսիան է։ Մենք պաշտպանում ենք աշխարհիկությունը և պատկերացումներ ունենք տղամարդկանց ու կանանց միջև հավասարության մասին»։

Նշենք, որ այսօր առավոտյան Ֆրանսիայի ոստիկանությունը հակաահաբեկչական արշավ է սկսել երկրում։ Խուզարկումներ և ձերբակալություններ են եղել, մասնավորապես, Թուլուզում, Գրենոբլում, ինչպես նաև Բելգիայի հետ սահմանակից Ժեմոնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը