Աշխարհ

15.11.2015 09:17


Փարիզի մահապարտ ահաբեկիչներից մեկն այցելել էր Թուրքիա

Փարիզի մահապարտ ահաբեկիչներից մեկն այցելել էր Թուրքիա

Փարիզի ահաբեկչությունն իրականացրած մահապարտը, ով Ֆրանսիայի քաղաքացի էր հանդիսանում, 2013թ. այցելել էր Թուրքիա։ Այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը։

Հետաքննության տվյալներով՝ հավանականություն կա, որ նա կարող էր լինել նաև Սիրիայում։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ոստիկանությունը ձերբակալել է Փարիզի ահաբեկիչներից մեկի հորը և ավագ եղբորը։ Վերջինը պատմել է, որ շփում չունի եղբոր հետ արդեն մի քանի տարի։

«Դա խելագարություն է, անմտություն։ Ես նախորդ գիշեր եղել եմ Փարիզում և տեսել եմ, թե ինչ էր այնտեղ կատարվում»,–ահաբեկչի եղբոր խոսքերն է մեջբերում The Guardian–ը։

Նաև հայտնի է դարձել, որ ահաբեկիչներից մեկը 29–ամյա Իսմայիլ Օմար Մոսթեֆան է։ Այս մասին փոխանցում է France 24–ը։ Շարտր քաղաքի վարչակազմի պաշտոնյաներից Ժան–Պիեր Ժորժն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ալժիրյան ծագումով ֆրանսիացին բնակվել է Շարտրում առնվազն մինչև 2012թ.։

Հավանական է, որ հենց այս ահաբեկիչն է 2013թ. այցելել Թուրքիա։

Ահաբեկիչներից երկրորդն էլ եղել է ոմն Աբդուլակբաբ Բ.–ն։ Այս մասին տեղեկացնում է International Bussiness Times–ը։ Նրա մասին լրացուցիչ այլ տեղեկատվություն չի հաղորդվում։

«Ինտերֆաքս»–ն էլ գրում է, որ փարիզյան ահաբեկչությունների զոհ է դարձել 12 երկրի քաղաքացի։

Ներկա դրությամբ տվյալներ կան, որ զոհվել են Ալժիրի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Չիլիի, Մարոկկոյի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Թունիսի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի քաղաքացիներ։

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Փարիզի ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 129, վիրավորվել՝ 352 մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը