Աշխարհ

14.11.2015 10:54


ԱՄՆ–ը պնդում է, որ սպանել է ԻՊ ամենահայտնի առաջնորդներից մեկին (տեսանյութ)

ԱՄՆ–ը պնդում է, որ սպանել է ԻՊ ամենահայտնի առաջնորդներից մեկին (տեսանյութ)

Ամերիկյան զինվորականները պնդում են, որ ոչնչացրել են «Իսլամական պետության» թերևս «ամենահրապարակային» ահաբեկչին՝ Ջիհադի Ջոն մականունով Մուհամմեդ Էմվազիին։

Ահաբեկիչը Ջոն մականունն էր ստացել, քանի որ Մեծ Բրիտանիայի քաղաքացի էր։ Տարբեր հաշվարկներով՝ գրոհայինը սպանել է 100 պատանդ, ոմանց՝ տեսախցիկի առաջ։ Հենց նա է գլխատել ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին։

Ինչպես հայտնել են Պենտագոնից, զինյալը սպանվել է անօդաչուի միջոցով, որը հետևում էր Ռաքքայում նրա բնակության վայրը մի ամբողջ օր, և կրակ է բացել, երբ Ջոնը դուրս է եկել շենքի մուտքից և նստել ամվտոմեքենա։ Սակայն բրիտանական հատուկ ծառայությունները կասկածի տակ են դրել Պենտագոնի հայտարարության ճշմարտացիությունը. հետախուզությունը դեռևս չի ստացել Էմվազիի մահվան ապացույցը։

Իսկ քաղաքին, որտեղ, ենթադրում են, սպանվել է զինյալը, մոտենում են սիրիական զորքերը։ Հիշեցնենք՝ նախօրեին Ռաքքան մասամբ կտրվել է ռազմական մատակարարումից. Իրաքում քրդական բանակին հաջողվել է ազատագրել Սինջարը, որով անցնում էին ԻՊ լոգիստիկ շղթաները։

Սիրիայում կառավարական զորքերը նաև կարևոր պլացդարմ են գրավել Հալեպի մոտ։ Այնտեղ ՌԴ ավիացիայի հարվածներից հետո հաշված ժամերի արդյունքում սիրիական ԶՈւ–ն մի քանի բնակավայր է ազատագրել՝ շրջափակումից հանելով Հոմս–Դամասկոս մայրուղին։

Սիրիական բանակը շարունակում է հարձակումը Հալեպի հարավ–արևմուտքում, որտեղ նոյեմբերի 10–ին ազատագրվել է 3 տարի «Իսլամական պետության» կողմից պաշարված Քվեյրիսի ավիաբազան։ Ռազմական գործողություններն այդ տարածքում դեռ շարունակվում են։ ԻՊ–ն դիրքեր է զբաղեցնում մինչև 2 կմ հեռավորությամբ. ահաբեկիչները ժամանակ առ ժամանակ ինքնաշեն հրթիռներ են նետում ավիաբազայի ուղղությամբ։

3–ամյա պաշարման ընթացքում Քվեյրիսի կայազորը հետ է մղել մոտ 400 գրոհ, որի ժամանակ սպանվել է ավելի քան հազար ահաբեկիչ։ Ազգային աշխարհազորի աջակցությամբ՝ սիրիական բանակն ազատագրել է Հադեր քաղաքը և ալ–Իիս բնակավայրը, որտեղ գտնվում էր «Ջեբհաթ ան–Նուսրա» և «Ահրար աշ–Շամ» խմբավորումների գլխավոր հենակետը։

«Քվեյրիսի ավիաբազայի ազատագրումից հետո մեզ զանգահարեց նախագահ Բաշար Ասադը։ Այդ պահին մենք բոլորս հպարտության զգացում ունեցանք արձանագրված հաջողությունների համար։ Այդ գործողությունը բարձրացրեց մեր դիմացկունությունը և մարտական ոգին։ Մենք համբերատար էինք և անսասան ու հասանք մեր երազած հաղթանակին։ Ես նվիրում եմ այս հաղթանակն իմ ընտանիքին, Սիրիայի ողջ ժողովրդին, բոլոր նրանց, ում հարազատները զոհվել են ահաբեկիչների ձեռքով արյունահեղ այս հակամարտության ժամանակ»,–հայտարարել է Քվեյրիսի ավիաբազայի ղեկավար, գեներալ Մոնզեր Զմամը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը