Աշխարհ

13.11.2015 11:25


Ներգաղթային ճգնաժամ. ԵՄ երկրները փակում են իրենց դռները և վերածվում ամրոցների (տեսանյութ)

Ներգաղթային ճգնաժամ. ԵՄ երկրները փակում են իրենց դռները և վերածվում ամրոցների (տեսանյութ)

Լեհաստանի դպրոցներից մեկում ուշագրավ խնդիր է առաջարկվել աշակերտներին՝ քանի՞ սիրիացի փախստականի է հարկավոր հրել գցել նավից, որպեսզի վերջինը բարեհաջող հասնի Հունաստան։ Իսկ օրական ծովով Եվրոպա են հասնում հազարավոր փախստականներ, որոնց այնտեղ ոչ ոք չի սպասում։

«Լեռան լանջին հայտնված անզգույշ դահուկորդը կարող է ձնահոսք առաջացնել»,–ասել էր օրերս Գերմանիայի ֆինանսների նախարար Շոյբլեն՝ մեկնաբանելով ներգաղթային ճգնաժամը։

Իսկ ամենադրամատիկը, նրա խոսքերով, այն է, որ ոք չգիտի լեռան բարձրությունը և ձյան քանակը։

«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ օրերս Մակեդոնիայից սերբական Պրեշևո քաղաք է ժամանել 10 հազ մարդ, նույնքան էլ հավաքվել է սահմանից այն կողմ, իսկ նոր խմբերը գալիս ու գալիս են։ Երկաթե ցանկապատերը չեն երաշխավորում կարգուկանոն փաստաթղթերի հերթերում, որոնք թույլատրում են հատել Սերբիան և հասնել մինչև խորվաթական սահման. այնտեղից էլ հնարավոր կլինի ցրվել ողջ Եվրամիությունով մեկ։

Շատերը գնում են Շվեդիա, որն ամենագրավիչն է ներգաղթյալների համար, սակայն շվեդներից շատերը մտադիր են կանխել դա։ Նախորդ դարի 30-ականներից հետո առաջին անգամ այդ երկրում հայտնվել են նեոնացիստներ՝ «Շվեդ դեմոկրատներ» կուսակցության ցուցանակով, որոնք արդեն հասցրել են մի քանի ապաստարան հրդեհել։ Նրանց հաջողվել է վերականգնել անձնագրային վերահսկողությունը նավահանգիստներում և օդանավակայաններում։

Իսկ մայրցամաքում շարունակում են ցանկապատել քաղաքները, և չնայած Եվրոպայում կառուցված պատերը դեռ չեն գերազանցել 25 տարի առաջվա բարձրությունը, հնարավոր է՝ տեսանելի ապագայում դրանք հավասարվեն։ Հունգարիայից հետո ամրաշինական կառույցներ է սկսել իր սահմաններում բարձրացնել նաև Սլովենիան։

Հիշեցնենք՝ վերջերս էլ ԵՄ–ն գումար էր առաջարկել Աֆրիկայի երկրներին՝ ներգաղթյալների մի մասին հետ ընդունելու համար։

Այս ամենի համապատկերին, չնայած շաբաթը մեկ կոլեկտիվ պատասխանատվության և եվրոպական արժեքների մասին հիշելուն, շարունակում է ընկնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեղինակությունը։ Քրիստոնյա դեմոկրատների վարկանիշն արդեն հասել է 34 տոկոսի։ Եթե այն հասնի 30–ի, Մերկելին կխնդրեն հեռանալ, հատկապես որ, «Շպիգելի» փոխանցմամբ, կառվարությունն արդեն չի ենթարկվում կանցլերին։ ՆԳՆ ղեկավար Դե Մեզիերը, առանց Մերկելի թույլտվության և նույնիսկ տեղյակ պահելու, վերջերս չեղարկել է սիրիական ընտանիքների միավորման ծրագիրը։ Ուշագրավ է, որ ՆԳՆ ղեկավարի գործունեությանը հավանություն է տվել ֆինանսերի նախարար Շոյբլեն, որին Գերմանիայում ստվերային կանցլեր են անվանում։

Ինչպես գրում է «Շպիգելը», իր պաշտոնում երերվող կանցլերին ներկայումս շրջապատում են մարդիկ, որոնք ոչ միայն հետևում են՝ ինչպես է Մերկելը փորձում հավասարակշռել իրավիճակը, այլև պատրաստ են հրել ու գցել նրան ձնահոսքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը