Լրահոս

30.09.2010 17:30


Գագիկ Բեգլարյան. «Դելֆինարիում պետք է ունենա նաև Երևանը»

Գագիկ Բեգլարյան. «Դելֆինարիում պետք է ունենա նաև Երևանը»

Երևանի քաղաքապետարանը սկսել է Կոմիտասի անվան զբոսայգու վերականգնման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայության փոխանցմամբ՝ զբոսայգին տարիներ առաջ անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել էր  մասնավոր մի ընկերության' պայմանով, որ վերջինս ապահովի զբոսայգու խնամաքն ու բարեկարգումը։ Բայց տնտեսվարողը զբոսայգին պահպանելու ու բարեկարգելու ուղղությամբ բացարձակապես ոչինչ չէր արել: 90-ականներից չգործող կարուսելներն ու ատրակցիոնները  մետաղակույտի են վերածվել։ Անբարեխիղճ տնտեսվարողի հետ խզվել է պայմանագիրը:

Այգու վերականգնման ծրագրի շրջանակներում այնտեղ կառուցվում է հանրապետությունում առաջին դելֆինարիումը: Նախապատվությունը տրվել է օդեսացի մասնագետների առաջարկին՝ ուկրաինական «Ներում» ընկերությանը։

Դելֆինարիումը զբաղեցնելու է Կոմիտասի անվան զբոսայգու՝ վաղուց արդեն չգործող նախկին  ատրակցիոնի տարածքը: Մուտքը  Արշակունյաց պողոտայի կողմից է՝ զբոսայգու երրորդ մուտքից։ Մետաղական կոնստրուկցիայով կառույցի ստորին հատվածում տեղադրվելու են տեխնիկական սարքավորումները։ Իսկ աստիճանները կտանեն դեպի տրիբունա, որտեղ 5 մետր խորությամբ, 18 մետր շառավղով ջրավազանն է։ Խոստանում են, որ երկուսուկես ամիս անց այստեղ կլողան 4 դելֆիններ, երկու ծովային կատու, մեկ ջրառյուծ: Ջրային կենդանիները Երևան կբերվեն Օդեսայից։

«Ներում» ընկերության տնօրեն Ալեքսանդր Մեռլյանն ընդգծել է, որ իրենց մասնագետները ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի ապահովվեն նշված կենդանիներին հատուկ կենսապայմանները: Ջրավազանը աշխատելու է ողջ տարին. ամռանը բացօթյա, իսկ ձմռանը կփակվի ապակյա ծածկով։ Ջրի ջերմաստիճանը մշտապես լինելու է 20-22 աստիճան, ջրավազանում 1500 խմ ծավալով ջուր է լցվելու, ինչը լիովին բավարար ջրային միջավայր է, որպեսզի կենդանիներն իրենց հարմարավետ զգան։

Դելֆինարիումը կառուցում են հիմնականում ուկրաինացի մասնագետներ։ Շինարարությունն իրականացնող  ուկրաինական այդ նույն կազմակերպությունն  իրականացնելու է  նաև դելֆինարիումի սպասարկումն ու շահագործումը։ Կառույցը նախատեսված է 900 հանդիսատեսի համար։

Նշվում է նաև, որ դելֆինարիումի շահագործումից ստացված եկամուտներն ամբողջությամբ ուղղվելու են զբոսայգու բարեկարգման և պահպանման նպատակին։

Այս խորագրի վերջին նյութերը