Լրահոս

20.11.2009 19:33


ՀԱԿ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ

Հայաստանի վարչական դատարանը բավարարեց □Հայկական Ժամանակ□ թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության եւ պարտադրեց վերջինիս տալ համապատասխան տեղեկանք։

Մենք մոլորություն չունենք մտածելու, թե Հայաստանում արդարադատությունն սկսել է աշխատել։ Կասկած չունենք, որ իշխանությունը հաջորդ փուլերում ամեն ինչ անելու է, փորձելու է դիմել այլ ապօրինությունների՝ կանխելու համար Նիկոլ Փաշինյանի գրանցումը կամ հաղթանակը թիվ 10 ընտրատարածքում։ Տվյալ դեպքում վարչախումբը տեղի է տվել Կոնգրեսի ղեկավարության եւ հարցի պատասխանատուների գրագետ, ծավալուն ու բազմակողմանի աշխատանքի, մասնագետ իրավաբանների ճշգրիտ մարտավարության, միջազգային հանրության, ինչպես նաեւ հասարակական բուռն աջակցության առջեւ։ Մենք շարունակելու ենք այս խնդիրը պահել ուշադրության կենտրոնում եւ, մոբիլիզացնելով հասարակության ուժերը, ապահովելով դրա հնչեղությունը միջազգային ասպարեզում, հաղթահարելու ենք նմանօրինակ հնարավոր մյուս խոչընդոտները։

Մենք ստիպելու ենք իշխանություններին վերադառնալ օրենքի դաշտ եւ ընդունել պայքարի քաղաքական մեթոդները եւ համակերպվել ժողովրդի անմիջական մասնակցությանը սահմանադրական ժողովրդավարական գործընթացներին։ Նրանք պետք է գիտակցեն, որ հակառակ դեպքում ճանապարհ են բացում անկանխատեսելի ծայրահեղականության համար, ինչի առաջին թիրախն իրենք են լինելու, բայց նաեւ անդառնալի կորուստներ են կրելու երկիրն ու ժողովուրդը։

Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում իր բոլոր համախոհներին՝ ամենաակտիվ ձեւով լծվել թիվ 10 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի հաղթանակի ապահովման գործին, ինչը միայն անձի հաղթանակ չի լինի, այլ, թերեւս, իրավիճակի շատ կարեւոր փոփոխության սկիզբ։

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Այս խորագրի վերջին նյութերը