Լրահոս

09.11.2015 13:30


Մոսկվայում Երևան եկող ապօրինի ավտոբուս է կանգնեցվել

Մոսկվայում Երևան եկող ապօրինի ավտոբուս է կանգնեցվել

Ինչպես հաղորդում է «gazeta.ru»–ն, ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական հիմնարկը և մայրաքաղաքային «Госавтодорнадзор»–ի վարչությունն ապօրինի ավտոբուս են կանգնեցրել, որը Մոսկվայից շարժվում էր Երևան։ Այս մասին ասվում է հիմնարկության կայքում։

«Ներկայումս «Վագտրանս» ՍՊԸ–ի ավտոբուսը հատուկ կայանատեղիում է։ Ընկերությանը մինչև 150 հազ ռուբլու տուգանք է սպառնում»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից հստակեցրել են, որ «Վագտրանսը» ներառված չէ ՌԴ Տրանսպորտի նախարարության միջազգային կանոնավոր ավտոբուսային երթուղիների ռեեստր։ Դա նշանակում է, որ փոխադրողն իրավունք չունի աշխատել Ռուսաստանում, սակայն շարունակում է ապօրինի կերպով ուղևորներ տեղափոխել Մոսկվայից Երևան։

«Փոխադրումների կազմակերպիչը» նախազգուշացրել է քաղաքացիներին, որ ավտոբուսային բոլոր ընկերությունները, որոնք առաջարկում են ուղևորություններ Երևան, աշխատում են ապօրինի հիմունքներով։ Օգտվելով նման փոխադրողների ծառայություններից՝ ուղևորները վտանգում են իրենց կյանքը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 3–ի գիշերը Մոսկվայից Երևան ՀՀ քաղաքացիներ բերող ավտոբուսը վթարի էր ենթարկվել Տուլայի շրջանում։ ՃՏՊ–ի զոհ էր դարձել 9 մարդ, 47–ը՝ վիրավորվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը