Աշխարհ

06.11.2015 20:20


Գրանցվել է առաջին դեպքը, երբ մարդը քաղցկեղով է վարակվել մակաբույծից

Գրանցվել է առաջին դեպքը, երբ մարդը քաղցկեղով է վարակվել մակաբույծից

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ում: «New England Journal»-ի փոխանցմամբ՝ բժիշկներն արձանագրել են առաջին դեպքը, երբ մարդը քաղցկեղով է վարակվել մակաբույծից: Այդ մասին հայտնել են Հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի կենտրոնի գիտնականները:

Կոլումբիայի Մեդելյին քաղաքի 41-ամյա բնակիչը դիմել է բժշկի՝ հայտնելով, որ արդեն մի քանի ամիս շարունակ տառապում է տենդից, հազից, հոգնածությունից ու քաշի կորստից: Նա նաև հայտնել է, որ մոտ 10 տարի առաջ նրա մոտ ախտորոշել են ՄԻԱՎ, սակայն նա որևէ դեղամիջոց չէր ընդունում:

Հետազոտման ընթացքում տղամարդու թոքերում, լյարդում, մակերիկամներում և ավշային հանգույցներում հայտնաբերվել են քաղցկեղանման ուռուցքներ, որոնց բջիջները մարդու քաղցկեղի բջիջներից ավելի փոքր էին: Բջիջների՝ ԴՆԹ-ի անալիզի արդյունքներով պարզվել է, որ քաղցկեղային բջիջները մարդուն են փոխանցվել «Hymenolepis nana» տեսակի մակաբույծից։ Բժիշկների կարծիքով նման երևույթը հնարավոր է դարձել ՄԻԱՎ-ի պատճառով տղամարդու իմունային համակարգի թուլացման հետևանքով: Սակայն մասնագետները չեն իմացել՝ ինչ տեսակի բուժում է հնարավոր նշանակել նման դեպքերում, քանի որ պարզ չէ՝ կազդե՞ն արդյոք մարդու քաղցկեղային բջիջները քայքայող դեղամիջոցները մակաբույծի քաղցկեղային բջիջների վրա:

Բժիշկներին դիմելուց 72 ժամ անց տղամարդը մահացել է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը