Աշխարհ

06.11.2015 09:50


Թեհրանն արգելել է ամերիկյան ապրանքների ներմուծումը

Թեհրանն արգելել է ամերիկյան ապրանքների ներմուծումը

Իրանը հրաժարվում է ամերիկյան արտադրանքից։ Երկրի արդյունաբերության և առևտրի նախարար Մոհամմեդ Րեզա Նեմաթզադեն ամերիկյան սպառողական արտադրանքի ներմուծումն արգելող հրահանգ է ստորագրել։

Համապատասխան որոշումը, «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ, կայացվել է Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Համենեիի՝ նամակով երկրի նախագահ Հասան Ռոուհանիին արած առաջարկից հետո։

Ավելի վաղ ուսանողների առաջ իր ելույթի ժամանակ Ալի Համենեին ընդգծել էր, որ ԱՄՆ–ն առաջվա նման շարունակում է մնալ Իրանի գլխավոր թշնամին՝ չնայած ս. թ. հուլիսի 14–ին Վիեննայում իրանական միջուկային խնդրով ձեռք բերված համաձայնությանը։

Համենեիի կարծիքով իրանական կառավարությունը պետք է աջակցի ազգային արտադրողներին։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 18–ից ուժի մեջ է մտել իրանական միջուկային խնդրով գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը։ Դրա իրագործումը, Համենեիի խոսքերով, կտանի իրանական տնտեսության զարգացման։

Համաձայնագիրը երաշխավորում է իրանական միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը՝ Թեհրանի դեմ կիրառվող միջազգային և միակողմանի բոլոր պատժամիջոցների չեղարկման դիմաց։

Այդ համաձայնագրի տակ իրենց ստորագրություններն են դրել Գերմանիան և ՄԱԿ ԱԽ մշտական անդամները՝ ՌԴ–ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը և ԱՄՆ–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը