Աշխարհ

04.11.2015 11:35


Անբնական աղմուկ և տարօրինակ բեկորներ. А321–ի հանելուկային կործանումը (տեսանյութ)

Անբնական աղմուկ և տարօրինակ բեկորներ. А321–ի հանելուկային կործանումը (տեսանյութ)

Թեև փորձագետները դեռ վաղ են համարում А321–ի կործանման վերջնական պատճառը նշելը, մի բան արդեն հաստատ է՝ ինքնաթիռը մասերի է բաժանվել օդում, իսկ թե ինչու, դեռևս անհայտ է։

«NBC News» հեռուստաալիքը, իր ոչ պաշտոնական աղբյուրներին հղումով, հայտարարել էր, որ ամերիկյան հետախուզական արբանյակները շաբաթ առավոտ ջերմային բռնկում են արձանագրել Սինայի թերակղզում ռուսական ինքնաթիռի կործանման վայրում։ Դրան, սակայն, պաշտոնական որևէ հայտարարություն չհետևեց։

Պենտագոնի ներկայացուցիչն «NBC News»–ի լրագրողներին բացատրել է, որ ամերիկյան ռազմական արբանյակը նախատեսված է հրթիռների արձակմանը հետևելու համար, սակայն հրթիռային որևէ հետք այն չի արձանագրել, ինչն էլ չի բացառում ահաբեկչության վարկածը. ինքնաթիռում հնարավոր է՝ ռումբ եղած լինի։

Այն, որ «Airbus A321»–ը բռնկվել է օդում, վկայում է նաև օդանավի այրված թևի կտորը, որը վթարման վայրից գտել են ռուս փորձագետները։ Ինքնաթիռի բեկորները թռել են մոտ 20 քկմ տարածության վրա, որը նույնպես հաստատում է այն վարկածը, որ օդանավը պայթել է երկնքում։

Ամերիկյան «Stratfor» ընկերության վերլուծաբանների կարծիքով ինքնաթիռի՝ օդում պայթելն են վկայում բարձրությունը կտրուկ կորցնելը և մասերի բաժանվելը։ Ըստ ամերիկյան փորձագետների՝ ինքնաթիռը հազվադեպ է ջարդրտվում թռիչքի ժամանակ։ Բացի այդ, եթե օդանավի սարքավորումները չեն գործել, օդաչուները կարող էին մանևրել և նախքան գետնի հետ շփումը՝ շարունակել թռչել՝ առանց որևէ ողբերգական հետևանքի։ Սակայն մինչև հիմա A321–ի բեկորներում չեն հայտնաբերվել պայթուցիկ նյութերի մնացորդներ։

Վերլուծաբանները քիչ հավանական են համարում այն վարկածը, որ ինքնաթիռը խոցել են «Իսլամական պետության» զինյալները։

«Եթե նույնիսկ համարենք, որ նրանք զենիթահրթիռային համալիր ունեն, 10 հազ մետր բարձրությամբ ուղևորատար ինքնաթիռը գրոհայինները չէին կարող խոցել. դրա համար շատ ավելի լուրջ սարքավորումներ են պետք, որոնք ահաբեկիչները չունեն»,– նշել է «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն։

Հիշեցնենք՝ սև արկղերի վերծանումից պարզվել է, որ օդաչուները SOS ազդանշան չեն ուղարկել, սակայն, ոչ պաշտոնական տեղեկատվությամբ, մագնիսային կրիչի վրա ձայնագրվել է տարօրինակ աղմուկ, որը բնորոշ չէ նման իրավիճակներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը