Լրահոս

30.09.2010 14:45


Ժ. Սեֆիլյան. «Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի իշխանություններին խնդրել են «դավադիր» գործունեությունը հնարավորինս անաղմուկ իրականացնել»

Ժ. Սեֆիլյան. «Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի իշխանություններին խնդրել են «դավադիր» գործունեությունը հնարավորինս անաղմուկ իրականացնել»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, ուր մտահոգություն հայտնեց տարիներ առաջ Ռուսաստանում ընդունված այն օրենքի վերաբերյալ, որով ՌԴ-ն վերաբնակեցման խնդիր է լուծում.

-Հուլիս ամսվա սկզբին պետական մակարդակով այդ օրենքը կիրառելու նոր խթան է առաջացել,-ասել է Ժիրայր Սեֆիլյանը՝ ավելացնելով, որ այդ օրենքի մատչելիությունը մտահոգություն է առաջացնում, քանի որ ելնելով մեր երկրում տիրող մթնոլորտից և դրա հետևանքով ձևավորված իրավիճակից՝ շատերը պատրաստ են հեռանալ հայրենիքից։

-Այս իմաստով մենք համարում ենք, որ վիճակը շատ լուրջ է և ահազանգային։ Այդ օրենքը հրապուրիչ է, քանի որ բնակարան, գումար և ամենակարևորը՝ քաղաքացիություն է տրվում ՌԴ ներգաղթողներին:

 Ընդգծելով, որ այլ պետությանը մեղադրելու իրավունք չունի, Ժ. Սեֆիլյանն նշել է, որ այդ օրենքը հայ ժողովրդի համար լուրջ ահազանգ է: Սեֆիլյանն ասել է, թե  տեղեկություններ ունի այն մասին, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի իշխանություններին խնդրել են այդ «դավադիր» գործունեությունը հնարավորինս անաղմուկ իրականացնել։

Իսկ այն հարցին, թե այդ տեղեկությունը որտեղից են ստացել, պարոն Սեֆիլյանը պատասխանել է, թե չպետք է իրենց հնարավորությունները գերագնահատել կամ թերագնահատել։

Սեֆիլյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը սեմինարներ են սկսվել, որոնք հայ հանրությանը իրազեկում են ոչ հայանպաստ այդ օրենքի մասին:

Ի դեպ, ասուլիսի ընթացքում նշվել է, որ ծրագրի ընդունումից մինչև սեպտեմբերի 15-ը 4808 Հայաստանի քաղաքացի հեռացել է ՀՀ-ից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը