Աշխարհ

03.11.2015 13:27


Իրաքի խորհրդարանը սահմանափակել է պետության ղեկավարի իշխանությունը

Իրաքի խորհրդարանը սահմանափակել է պետության ղեկավարի իշխանությունը

Իրաքի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել օրինագծին, որը նախատեսում է վարչապետի իշխանության սահմանափակում։ Այսուհետև սկզբունքային որոշումներ ընդունելու դեպքում վարչապետը պարտավոր կլինի դրանք լրացուցիչ քննարկել նաև խորհրդարանի հետ։ Պատգամավորների խոսքերով՝ այդ օրենքի ընդունումը վերջ կդնի վարչապետի բացարձակ իշխանությանը։

«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ մոտ 4 ամիս առաջ էլ խորհրդարանը միաձայն ընդունել էր վարչապետ Ալ–Աբադիի առաջարկած բարեփոխումների ծրագիրը, որը ներառում էր այնպիսի կետեր, ինչպիսիք են մի քանի փոխվարչապետերի պաշտոնների վերացում, ինչպես նաև հակակոռուպցիոն հետաքննությունների վերականգնում, որոնք պետք է հանձնվեին հակակոռուպցիոն հատուկ կոմիտեին։

Սակայն բարեփոխումների իրականացման ժամանակ սկսեցին տարաձայնություններ առաջանալ. խորհրդարանականները բողոքում էին, որ այս կամ այն պաշտոնը վերացնելու վերաբերյալ որոշումները, ինչպես նաև ֆինանսավորման կրճատումները և ֆինանսական հոսքերի վերաբաշխումները չեն քննարկվում իրենց հետ։ Բոլոր որոշումներն ընդունվում էին անմիջապես վարչապետի և կառավարության անդամների կողմից, ինչը, ըստ նրանց, սահմանադրական խախտում էր։

Նշվում է, որ ընթացիկ շտկումը վերջ կտա վարչապետի միանձնյա իշխանությանը, որն իր գործելաոճով իր դեմ է տրամադրել անգամ սեփական կուսակցության անդամներին («Դավա». արաբերեն՝ «Կոչ»)։ Սակայն դիտորդները նաև մտավախություն ունեն, որ նման սահմանափակումները կկանգնեցնեն բարեփոխումների ընթացքը։

Հիշեցնենք՝ Հայդեր Ալ–Աբադին իշխանության է եկել 2014թ. սեպտեմբերից՝ այդ պաշտոնում փոխարինելով Նուրի Ալ–Մալիքիին, որի հեղինակությունն ընկել էր «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից Մոսուլի գրավումից հետո։

Սպասվում էր, որ Ալ–Աբադին կդառնա իր նախորդի հակապատկերը, ում համեմատում էին անգամ Սադդամ Հուսեինի հետ, սակայն արդյունքում նա չխուսափեց իր նախորդի ճակատագրից։ «Դավա» կուսակցության իշխանության գալուց հետո Իրաքում կտրուկ լարվեցին շիաների և սուննիների հարաբերությունները։ Սուննիների տարբեր խմբավորումների և այլ ուժերի (սադդամյան բանակի նախկին զինծառայող իսլամականներ, արտասահմանյան ջիհադականներ) համախմբումն էլ ծնեց «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը», որը 2014թ. ամռանն իրականացրած լայնածավալ գրոհի արդյունքում շրջափակեց Իրաքի մոտ մեկ երրորդը և Սիրիայի գրեթե կեսը։ Դրանից հետո այն վերանվանվեց «Իսլամական պետություն», իսկ նրա առաջնորդ Աբու–Բաքր Ալ–Բաղդադին իր վերահսկողության տակ գտնվող տարածքը խալիֆաթ հռչակեց՝ իշխող շարիաթի անշեղ նորմերով։

Ներկայումս իրաքյան բանակը փորձում է դիմադրել ահաբեկիչներին, բայց ապարդյուն. ս. թ. ապրիլին գրավված Ռամադին Բաղդադից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա է։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ «Իսլամական պետությանը» հակազդելու համար Իրաքի կառավարությունը հաճախ ստիպված է լինում օգտագործել շիական աշխարհազորի ուժը, որն էլ առաջ է բերում տեղի բնակչության դիմադրությունը։ Տեղի սուննիները շիաներին հերետեկոսներ են համարում, որոնք ավելի բացասական են ընդունվում նրանց կողմից, քան «Իսլամական պետությանը» ենթարկվելու հեռանկարը։ Իսկ կոռուպցիան, որը թափանցել է իրաքյան իշխանություն, ավելի է սրում իրաքցիների բացասական վերաբերմունքը սեփական պետության նկատմամբ, որն անկարող է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը