Կարծիք

02.11.2015 15:06


Վարդան Օսկանյան. «Խնդիրը ոչ թե փողի պակասն է, այլ փողի տերերի վստահության պակասը»

Վարդան Օսկանյան. «Խնդիրը ոչ թե փողի պակասն է, այլ փողի տերերի վստահության պակասը»

Ես այսօր հետևում էի խորհրդարանում բյուջեի քննարկումներին: Ասեմ, որ համաձայն եմ Հրանտ Բագրատյանի հետ, որ սա պարտվողական բյուջե է: Համաձայն եմ նաև, որ արդեն ձանձրալի է դառնում, երբ 2008-ից սկսած՝ կառավարությունն իր ձախողություններն ու անգործությունը բարդում է արտաքին միջավայրի վրա:

Ես կարծում եմ, որ Հայաստանում իրոք կարելի է, անկախ արտաքին գործոններից, տնտեսական բարձր աճ ապահովել: Դրա համար պետք է լինել ավելի համարձակ, շեշտը դնել տնտեսական աճի վրա՝ կիրառելով հարկաբյուջետային և դրամավարկային ընդլայնողական քաղաքականություն՝ թեկուզ ի հաշիվ դեֆիցիտի մեծացման:

Իհարկե, այստեղ կա կարևորագույն մի խնդիր: Նման քաղաքականության հաջող իրականացման համար կառավարությանն անհրաժեշտ է երեք հատկանիշ՝

երկրի զարգացման տեսլական և ծրագիր,
քաղաքական կամք՝ անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումների համար,
ժողովրդի անվերապահ վստահություն:

Դժբախտաբար, այս երեքն էլ այսօր բացակայում են: 2008-ից ի վեր՝ պետությունը չի կարողացել ներկայացնել երկրի զարգացման ծրագիր, չի ունեցել ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք կարող էին էապես համախմբել երկրի տնտեսական ներուժը և խթանել աճը: Առ այսօր ներկայացվել է միայն Հյուսիս-հարավ ճանապարհի ծրագիրը: Դատելով ծախսված գումարներից, ուշացված ժամկետներից և իրականացված աշխատանքներից՝ Հյուսիս-հարավ ծրագիրը կարելի է համարել մեր նորագույն պատմության ամենամեծ տնտեսական բլեֆը:

Ինչպես նախկին կառավարությունը, այս կառավարությունը ևս չկարողացավ իրականացնել իր խոստացած բարեփոխումները: Ընդհակառակը՝ բացասական առկա երևույթներն ավելի խորացան: Վարչապետը չկարողացավ վերականգնել նաև ներդրողների և առհասարակ հասարակության վստահությունը տնտեսության նկատմամբ: Արդյունքում՝ երկրի կարիքների ընթացիկ ֆինանսավորումը շարունակում է իրականացվել հարկային խստացված ռեժիմով և արտերկրից վերցված նորանոր վարկերով: Կառավարությունն այս ընթացքում մեծ մասամբ վարել է զսպողական ֆինանսավարկային քաղաքականություն: Բնական է, որ նման պայմաններում Հայաստանի տնտեսությունը կգտնվի անկման կամ, լավագույն դեպքում, լճացման մեջ:

Ինչ վերաբերում է վստահությանը, ապա դրա բացակայությունն իսկապես մեր տնտեսության զարգացումը խոչընդոտող ամենահիմնական գործոններից է: Երկրի ներսում փողի պակաս չկա, պարզապես փողի տերերը չեն ուզում ներդնել տնտեսության մեջ: Մի պարզ փաստարկ՝ 2008թ. երկրում փողի զանգվածը կազմում էր մոտ 708 մլրդ դրամ, այդ տարում մեր ՀՆԱ-ն կազմել է 3,568 տրլն դրամ: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում փողի զանգվածը շրջանառվել է մոտ հինգ անգամ: 2014թ. փողի զանգվածը եղել է 1,674 տրլն դրամ, իսկ ՀՆԱ-ն՝ 4,843 տրլն դրամ: Սա նշանակում է, որ տարվա ընթացքում փողի զանգվածը շրջանառվել է մոտ 2.8 անգամ: Այլ կերպ ասած՝ եթե փողի զանգվածը շրջանառվեր նույն արագությամբ, ինչ 2008թ., ապա ՀՆԱ-ն 2014թ. պետք է կազմեր ոչ թե 4,843 տրլն, այլ 8,37 տրլն դրամ: Մոտավորապես կրկնակի:

Իհարկե, սրանք կոպիտ հաշվարկներ են, բայց ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում խնդիրը ոչ թե փողի պակասն է, այլ փողի տերերի վստահության պակասը կառավարության և տնտեսության նկատմամբ:

Չի կարելի անվերջ շահարկել արտաքին գործոնները, առավել ևս, երբ համաշխարհային տնտեսությունը միանշանակ մտել է աճի փուլ:

Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը