Կարծիք

30.09.2010 14:05


Դանակը մեր մարմնի մեջ

Դանակը մեր մարմնի մեջ

Բանակից եկող վերջին լուրերն ու դրանց շուրջ զարգացումները վտանգի սուր զգացողություն առաջացրին մեջս: Վերքը հասունացել ա, կամ պետք ա բուժվի, կամ ուր որ ա կպայթի, վարակը կտարածի ամբողջ մարմնով մեկ: Բայց մյուս կողմից էլ, վերքը բուժելու հնարավորություն էսօր չկա: Հիմա ի՞նչ ա լինելու:

Բոլորը գիտեն, քաղցկեղով վարակված մարմնի մեջ եթե դանակ ես մտցնում, հիվանդ բջիջները ավելի արագ են սկսում բազմանալ: Ուրեմն եթե դանակ ես մտցրել, պետք ա կտրես ու դեն շպրտես մարմնի հիվանդ մասը: Եթե չես կտրում ու դանակն էլ թողնում ես հիվանդ մարմնի մեջ, բուժելու տեղ մահն ես արագացնում: Հիմա հենց էս վիճակն ա Հայաստանում: 2008-ի ընտրությունների արդյունքում Հայաստանն էսօր ունի հնարավոր ամենաթույլ իշխանությունը, որի ոչ մի նախաձեռնություն հասարակությունը չի պաշտպանի եւ որի ոչ լեգիտիմությունը ակնհայտորեն շահագործվում ա արտաքին ուժերի կողմից: Պետության բոլոր կառույցները' կառավարություն, դատարան, ոստիկանություն, բանակ, հասարակության բացարձակ անվստահությունն են վայելում եւ մի կողմից արմատական ռեֆորմների կարիք ունեն, մյուս կողմից էդ ռեֆորմները, իշխանության թուլության պատճառով, բացառվում են: Նման վիճակը, տեսականորեն եթե նայենք, խոսում ա էն մասին, որ իշխանությունը երկար պահպանվելու ռեսուրս չունի, երկրում իշխանափոխություն ա լինելու: Բայց Հայաստանի էսօրվա իրավիճակը ունի մի աբսուրդ առանձնահատկություն. ընդդիմադիր դաշտը մոնոպոլիզացված ա: Ու հենց էն ուժը, որը վերցրել ա էդ մոնոպոլիան, նաեւ ասում ա, որ իշխանություն փոխելու հնարավորություն ինքը չունի:

Վերեւում բերած համեմատությունս եթե շարունակեմ, սա նման ա նրան, որ հիվանդին տանես վիրահատարան, դանակը վերցնես մարմինը ճղես, հետո ասես, թե վիրահատել չես կարող: Ու էս էլ իբր քիչ էր, երկրորդ հայտարարությունն անես, ասես' ով որ մտավ վիրահատարան հիվանդին վիրահատելու, կեղծ վիրաբույժ ա, ինքնակոչ ա, միակ իսկական վիրաբույժը ես եմ, միակը ես եմ, բայց վիրահատել չեմ կարող: Նման ա աբսուրդի թատրոնի, չէ՞: Բայց մեր հետ ա էս անհեթեթությունը կատարվում:

Հայաստանը պետք ա փոխվի: Սա բարի ցանկություն չի, կոպիտ անհրաժեշտություն ա: Բայց ո՞նց փոխվի մի երկիր, որտեղ իշխանությունն ու ընդդիմությունը հավասարապես թույլ են: Ու հավասարապես շահագրգռված լինելով մեկը մյուսի թուլությամբ, երկուսով միասին պահում են էսօրվա Հայաստանի պաթոլոգիկ ստատուս քվոն: Եթե շրջադարձ տեղի չունենա եւ ամեն ինչ շարունակվի էսօրվա պես, հանրապետականի ու ՀԱԿ-ի ոխերիմբարեկամական էս գրկախառնումը կարող ա տեւի էնքան, որ Հայաստանը հասցնի վերանալ քարտեզի վրայից: Ուրեմն պե´տք ա, որ շրջադարձ տեղի ունենա:

Ամենամեծ շրջադարձը, որ կարող ա տեղի ունենալ Հայաստանում, Տեր-Պետրոսյանի «սովորական երկրին» հակադրվող քաղաքական պատկերացման ստեղծումն ա: Որովհետեւ էսօրվա փակուղին հենց «սովորական երկրի» տերպետրոսյանական պատկերացման արդյունքում ա ստեղծվել, ու էդ փակուղուց, տվյալ պատկերացման շրջանակներում, կա մեկ ելք' Հայաստանի վերացումը քարտեզի վրայից:

Ամբողջ խնդիրն էն ա, որ Հայաստանը չի կարող լինել «սովորական երկիր»: Մենք դեռ չավարտված պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ, որը, եթե «սովորական» ռեսուրսները վերցնենք (տարածք, բնակչության թիվ, բնական պաշարներ), մի քանի անգամ ուժեղ ա մեզանից: Ակնհայտ ա, որ նման հակառակորդին չպարտվելու համար պետք ա լրացուցիչ ռեսուրս, հենց էն ռեսուրսը, որի շնորհիվ մենք արդեն մի անգամ հաղթել ենք Ադրբեջանին: Ու սա ճիշտ ու ճիշտ հենց էն ռեսուրսն ա, որի դեմ ա աշխատում Տեր-Պետրոսյանի «սովորական երկրի» պատկերացումը:

Շատ ժամանակ չի անցել, շատերը կհիշեն, որ անգամ 88-ի շարժման սկզբի տարիներին, երբ որ կոմունիստներն էին դեռ իշխանության գլուխ, Հայոց համազգային շարժման քննադատության հիմնական թիրախը կոմունիստական գաղափարախոսությունը չէր, այլ հայ քաղաքական մտքի «արկածախնդիր» ավանդույթը: Սկզբում որպես էդ  «արկածախնդիր» ավանդույթի կրողներ հանդես էին գալիս դաշնակցականները,  հետո որպես քննադատության թիրախ նրանց միացավ Վազգեն Մանուկյանը, որի «համաշխարհային ազգի» գաղափարը որակվեց, ոչ ավել ոչ պակաս, որպես «ֆաշիստական»: Հենց էս «ֆաշիստական» գաղափարին հակադրվելով էլ լույս աշխարհ եկավ «սովորական երկրի», կամ, հետագա ձեւակերպմամբ, «նորմալ երկրի» տերպետրոսյանական տեսությունը:

Էսօր դաշնակցությունն արդեն մարգինալ կարգավիճակ ունի հայոց քաղաքական դաշտում, իսկ Վազգեն Մանուկյանն ընդհանրապես դուրս ա դրել իրան քաղաքականությունից: Փաստորեն, ՀՀՇ-ականների ճակատամարտն ընդդեմ «ազգայնական արկածախնդիրների» ավարտվեց առաջիններիս կատարյալ հաղթանակով: Բայց էդ հաղթանակի պտուղները, մեղմ ասած, քաղցր չեն:

Որ Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը վերցված էր Տեր-Պետրոսյանից, դա հասկացան բոլորը: Բայց շատ քչերն են նկատում էն սարսափելի փաստը, որ ներքին քաղաքականության մեջ նույնպես Հայաստանում էսօր փաստորեն գործում ա Տեր-Պետրոսյանի «նորմալ երկրի» պատկերացումը:

Գիտեմ, ընթերցողներիս մեջ կգտնվեն շատերը, որ կասեն. բա սա նորմալ երկի՞ր ա, սրանից էլ աննորմալ երկի՞ր: Ամբողջ խնդիրն էն ա, որ հակաազգայնական կոնտեքստում, որտեղ ստեղծվել եւ գործում ա Տեր-Պետրոսյանի «սովորական երկրի» կամ «նորմալ երկրի» պատկերացումը, նորմալ երկիրը նշանակում ա ոչ թե աննորմալ երկրի հակառակը, այլ «արկածախնդրական» երազանքների հակառակը: Իսկ եթե հանում ես երազանքը, տակը մնում ա էն, ինչը որ ունես: Մնում են դեգեներատ պատգամավորները, քառակուսի դեմքերով կոմերիտջահելները, ամեն ինչի վրա թքած ունեցած քաղքենին: Ու հենց էս էլ դառնում ա մեր «նորմալ երկիրը»: Ու ստացվում ա, որ մեր նորմալը աննորմալն ա: Ստացվում ա, որ Հայաստանը ռեսուրս չունի լիարժեք պետություն լինելու համար:

Հայաստանի առաջին նախագահը ունի առեղծվածային թվացող մի կողմ: Զարմանք ա պատճառում էն ինտենսիվությունը, որով մարդիկ նախ սիրում, հետո սկսում են ատել Տեր-Պետրոսյանին: Առեղծվածային թվացող էս երեւույթի պատճառն էն ա, որ  Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը կատարում ա երկու հակադիր գործառույթ. նախ արթնացնում ա հայկական երազանքը, որ հետո սպանի:

Հայկական երազանքի հիմքում ընկած ա շատ պարզ մի ցանկություն. ապրել էն տեսակ Հայաստանում, որը կհամապատասխաներ մեր մարդկային հնարավորություններին ու մեզ կլիներ արժանի: Եւ քանի որ հսկայական ճեղքվածք կա մեր հնարավորությունների եւ հայաստանյան իրականության միջեւ, էս ցանկությունը, եթե դրա հարյուր հազարավոր կրողներ հավաքվում են միասին, առաջացնում ա հեղափոխական իրավիճակ: 2007 թվականի աշնանից մինչեւ 2008 թվականի աշուն, մեկ տարի շարունակ, Երեւանի հրապարակներում կար էնքան հեղափոխական լիցք, որ կհերիքեր մեկի տեղ մի քանի հեղափոխության: Բայց Տեր-Պետրոսյանի ղեկավարման արդյունքում ոչ միայն հեղափոխությունը տեղի չունեցավ, այլ հանկարծ պարզվեց, որ Հայաստանում փոփոխությունների հնարավորություն չկա, որովհետեւ մենք ունենք, աթոռից բռնվեք որ ցած չընկնեք, «անտարբեր ժողովուրդ»: Դուրս ա գալիս' էդ հրապարակներից տուն գնալ չուզեցող ժողովուրդը չէր, որ շարժման ղեկավարից մի տարի շարունակ վճռական գործողություններ էր պահանջում, այլ ղեկավարն էր ժողովրդին համոզում, որ տեղից շարժվի, բայց արձագանք չստացավ: Վերջին ամիսներին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների բերանից «անտարբեր ժողովրդի» մասին էս զառանցական միտքը ես լսած կլինեմ տասնյակ անգամներ: Ո՞վ շրջանառության մեջ դրեց էս միտքը: Եւ ո՞նց եղավ, որ ահագին թվով մարդիկ դրան հավատացին: Գեբելսի ականջը կանչի, երեւի ճիշտ էր ասում' եթե ուզում ես քեզ հավատան, փոքր սուտ մի ասա, ասա շատ մեծ սուտ: 

Նորից կրկնեմ սկզբում տվածս հարցը. բա հիմա ի՞նչ ա լինելու: Տարբերակները շատ չեն, կա ընդամենը երկու ճանապարհ: Կամ Հայաստանը գնում ա դեպի ոչնչացում, կամ կտրուկ շրջադարձ ա կատարում ու շարժվում ա դեպի վեր: Առաջին տարբերակի համար ոչ մի բան անել պետք չի, ընդամենը թողնենք շարունակվի էսօրվա վիճակը, ու մեր հավաքական մարմինը, ֆիզիկայի օրենքների համաձայն, սահուն անկում կկատարի դեպի ցած: Իսկ որպեսզի տեղի ունենա երկրորդ տարբերակը, պահանջվում ա ջանք ու էներգիա, որովհետեւ մարմինները ինքնաբերաբար ներքեւից վերեւ չեն շարժվում: Հայաստանը նավթ չունի, մեր ունեցած էներգիան մարդկանց մեջ ա, ոչ թե ծովի խորքում: Էդ էներգիայի անունն ա' հայկական երազանք: Թվում էր, մարդու մեջ եղած էներգիան ավելի ապահով ռեսուրս պետք ա լինի, քան ծովի խորքինը: Բայց պարզվեց' չէ, պարզվեց' մարդու ներսի երազանքն էլ հնարավոր ա նախ պատանդ վերցնել, հետո թափել ծովը:

ՀԱԿ-ի վերջին' սեպտեմբերի 17-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանն արեց մի բացահայտում, որը ստվերի տակ թողեց անգամ նախորդ' ՀՀՇ համագումարում ունեցած ելույթի չարագուշակ դրույթը Հայաստանի դատապարտվածության մասին: Պարզվեց' մենք, որ 2007-2008-ի ցրտաշունչ ձմռանը դուրս էինք եկել Ազատության հրապարակ, ոչ թե մեր ազատության համար էինք ոտքի կանգնել, այլ ... Մայիսյան ապստամբություն էինք անում: Նրանց համար, ովքեր երիտասարդ տարիքի պատճառով գուցե չգիտեն դա ինչ ա, ասեմ, որ 1920 թվականի Մայիսյան ապստամբությունը Հայաստանի անկախությանը դեմ հանդես եկող հայ բոլշեւիկների մահացու հարվածն էր Հայաստանի Հանրապետության սրտին: Երկու տարեկան պետությունն էդ հարվածից ուշքի չկարողացավ գալ, նույն տարվա աշնանը  սովետականացավ ու կորցրեց անկախությունը:

Նրանք, ովքեր Տեր-Պետրոսյանի էս ինքնաբացահայտումից հետո էլ կշարունակեն մնալ ՀԱԿ-ում կամ ՀԱԿ-ի կողքին, արդեն չեն կարող չքմեղանալ, թե չեն գիտակցում' ինչ են անում: Հայ ազգային կոնգրեսը ղեկավարում ա մի քաղաքական գործիչ, որը չի հավատում հայ ազգի ներուժին, անհնար ա համարում Հայաստանի անկախությունը եւ բոլոր հույսերը կապում ա դրսի ուժերի, էսօրվա վիճակով' Ռուսաստանի հետ:

Եթե հայաստանցին էս անգամ էլ չկարողացավ տեր կանգնել սեփական երազանքին, եթե հայ միտքը չկարողացավ ստեղծել հայկական երազանքը քաղաքականապես իրագործելի դարձնող ժամանակակից պատկերացում, ուրեմն ճիշտ դուրս կգա Տեր-Պետրոսյանը, ուրեմն  մենք ընդունակ չենք, եւ արժանի չենք, անկախության:

Մարինե Պետրոսյան

Այս խորագրի վերջին նյութերը