Աշխարհ

02.11.2015 18:46


Կազմվել է աշխարհի ամենաառողջ երկրների ցանկը. ՀՀ–ն 79–րդ տեղում է

Կազմվել է աշխարհի ամենաառողջ երկրների ցանկը. ՀՀ–ն 79–րդ տեղում է

Աշխարհի ամենաառողջ մարդիկ ապրում են Սինգապուրում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Bloomberg»-ը, վկայում են ՄԱԿ-ի, Առողջության համաշխարհային կազմակերպության և Համաշխարհային բանկի կողմից անցկացված համատեղ ուսումնասիրության արդյունքները:

Ուսումնասիրության ընթացքում դիտարկվել են միայն այն երկրները, որոնց բնակչության թիվը գերազանցում է 1 մլն մարդը:

Առողջության ցուցանիշները գնահատվել են այնպիսի գործոններով, ինչպիսիք են կյանքի երկարատևությունը, մահվան պատճառները, մահվան դեպքերը տարբեր տարիքային խմբերում, երիտասարդների խմբում ծխողների տոկոսային հարաբերությունը, խոլեստերինի բարձր մակարդակը, բարձր ճնշում ունեցող մարդկանց թիվը, շրջակա միջավայրի աղտոտման մակարդակը, ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը և այլն:

Արդյունքում՝ Սինգապուրի բնակիչները ստացել են 89,45%, գնահատական: Երկրորդ տեղում են հայտնվել իտալացիները, ովքեր ստացել են 89,07%: Երրորդ տեղում է Ավստրալիան՝ 88,33%-ով:

Ամենաառողջ երկրների տասնյակում հայտնվել են նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Շվեյցարիան, Ճապոնիան, Իսրայելը, Իսպանիան, Նիդեռլանդները, Շվեդիան և Գերմանիան։

Մեծ Բրիտանիան հայտնվել է աղյուսակի 21-րդ տեղում՝ 76,84%-ով, ԱՄՆ-ը 66,84%-ով հայտնվել է 33-րդ տեղում: Իսկ ահա Հայաստանը զբաղեցրել է ցուցակի 79-րդ տեղը՝ ստանալով 43.96% գնահատական: Ադրբեջանը հայտնվել է ցուցակի 87-րդ տեղում և ստացել 36.72%: Վրաստանն իր 48.11%-ով ցուցակի 71-րդ տեղում է, 97-րդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանը, որը ստացել է ընդամենը 26,44%: Ցուցակի վերջին հորիզոնականներում են հայտնվել աֆրիկյան պետությունները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը