Աշխարհ

30.10.2015 13:55


Մեծ քաղաքականություն Սարկոզիի վերադարձն սկսվել է Մոսկվայից (տեսանյութ)

Մեծ քաղաքականություն Սարկոզիի վերադարձն սկսվել է Մոսկվայից  (տեսանյութ)

Ռուսաստանին մեկուսացնելու փորձերն անմիտ են, քանի որ համաշխարհային ամենաբարդ ճգնաժամերն առանց Մոսկվայի անհնար է լուծել։ Սիրիայում Արևմուտքն ու ՌԴ–ն պետք է միավորեն իրենց ջանքերը, իսկ Եվրոպային արդեն նոր Շենգեն է հարկավոր։ Նման հայտարարություններով է հանդես եկել մասնավոր այցով Մոսկվա ժամանած Ֆրանսիայի 6–րդ նախագահ Նիկոլա Սարկոզին, որը հանդիպել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի ուսանողների և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«vestiru»–ի փոխանցմամբ՝ նախագահները շփվել են «դու»–ով։ Պուտինը նշել է, որ աշխարհում նրանց նախորդ հանդիպումից հետո շատ բան է փոխվել։

«Այո, ինչպես իրավացիորեն նկատեցիք, շատ բան է փոխվել,–ասել է «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության առաջնորդը,– բայց դուք գիտեք իմ խորին համոզումը՝ աշխարհն ունի Ռուսաստանի կաիրքը։ ՌԴ–ն և Եվրոպան դատապարտված են միասին աշխատել»։

Մեծ քաղաքականություն Սարկոզիի վերադարձը պատահական չի ընտրվել Մոսկվայից։ Ի հեճուկս Վաշինգտոնի և Բրյուսելի՝ Սարկոզին համոզված է, որ հարկավոր է շտապ հաշտվել Ռուսաստանի հետ։

«Մեր ճակատագրերը կապված են։ Ես երբեք չեմ դասվել նրանց շարքին, ովքեր զգուշանում են Ռուսաստանի՝ միջազգային թատերաբեմ վերադառնալուց»,–ասել է ֆրանսիացի գործիչը։

Մոսկվայում Սարկոզիի աղմկահարույց հայտարարություններն արդեն միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում են։

Այն մասին, որ Ֆրանսիան կորցնում է իր հատուկ դերը ԵՄ–ում՝ բոլոր գործողությունները համաձայնեցնելով ԱՄՆ–ի հետ, գրել է «Le Monde»–ը։ Այդ միտքը Սարկոզին հայտնել էր նաև 2015թ. փետրվարին։

«Ռուսաստանի և Եվրոպայի պառակտումը ողբերգություն է։ Միգուցե ամերիկացիները երազում են այդ մասին, բայց դա իրենց խնդիրն է։ Ամերիկացիների շահերը չեն համընկնում ՌԴ և Եվրոպայի շահերի հետ։ Մենք չենք ցանկանում մեր հարաբերությունները սառեցնել Մոսկվայի հետ»,– շեշտել է Սարկոզին։

Ըստ Ֆրանսիայի նախկին առաջնորդի՝ հենց Մոսկվայի հետ է պետք երկխոսել Սիրիայի հարցով։

«Այսպես այլևս շարունակվել չի կարող։ Մենք չպետք է Սիրիայում գործենք երկու զուգահեռ կոալիցիաներով։ Հարկավոր է միավորել դրանք։ Դա ԻԼԻՊ–ի բարբարոսների դեմ ռազմական հաղթանակ տանելու միակ պայմանն է։ Մենք քաղաքական որոշումներ չենք գտնի, քանի դեռ միջազգային կոալիցիան երկխոսություն չի սկսել ՌԴ հետ, որը Սիրիայի ներսում կարևորագույն դեր է խաղում»,–հավելել է Սարկոզին։

Անդրադառնալով Ուկրաինայի հարավ–արևելքում տիրող իրավիճակին՝ Սարկոզին նշել, է որ հարկավոր է արդեն չեղարկել ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցները՝ նշելով, որ երկրների տնտեսությունները փոխկապակցված են։ Սարկոզին նաև վաղուց կոչ է անում Ղրիմը ՌԴ մաս ճանաչել։

Ելիսեյան պալատ վերադառնալու իր ծրագրերի մասին Սարկոզին լռել է։

Ֆրանսիայի նախկին և, միգուցե, նաև հաջորդ նախագահը հաճույքով կեցվածք է ընդունել լուսանկարիչների համար՝ կրկին ու կրկին ասելով. «Ուրախ եմ Ռուսաստան վերադառնալով»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը