Լրահոս

30.09.2010 10:01


Գերմանիայում լույս է տեսել «Լուծումներ Արցախի համար. Ինքնորոշում և ճանաչում» գիրքը

Գերմանիայում լույս է տեսել «Լուծումներ Արցախի համար. Ինքնորոշում և ճանաչում» գիրքը

Եվրոպացի գիտնականները հիմնավորում են Արցախի ինքնորոշման և ճանաչման իրավունքը։

Գերմանիայում լույս է տեսել քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանի «Լուծումներ Լեռնային Ղարաբաղի/Արցախի համար. Ինքնորոշում և ճանաչում» գիրքը, որում եվրոպացի հեղինակավոր գիտնականներն առաջին անգամ մանրամասնորեն և համակողմանիորեն հիմնավորում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և ճանաչման իրավունքը՝ միջազգային իրավունքի, քաղաքագիտության, անվտանգության, պատմության և իրավափիլիսոփայության տեսանկյուններից։

Գիրքը երկար տարիների աշխատանքի արդյունք է և, լույս տեսնելով Եվրամիության առանցքային երկրներից մեկում՝ Գերմանիայում, կարող է էական դեր կատարել և դիվանագետների համար, և Եվրոպայում Արցախի հարցի շուրջ հասարակական կարծիքի համար:

Հատկապես նշանակալի է Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Լուխտերհանդտի աշխատանքը, որում նա առավել խորը վերլուծություն է կատարել' մեկ առ մեկ քննարկելով և հերքելով ինքնորոշման դեմ մինչ օրս հրապարակված բոլոր փաստարկները:

Գիրքը գերմաներեն է, սակայն կթարգմանվի հայերեն, անգլերեն և ռուսերեն: Անկախ այն փաստից, որ Արցախը կարելի է համարել ինքնորոշման իրավունքի դասագրքային օրինակ, սակայն Արցախի հարցի լուծման բանալին գտնվում է հենց Արցախում: Այն նախևառաջ արժեքային հակամարտություն է: Արցախն ունի անկախ պետության բոլոր 3 տարրերը.  պետական ազգ, պետական տարածք և պետական իշխանություն:

Վերջնականորեն, Արցախում դեմոկրատիայի ամրապնդումը կնշանակի, որ մենք օր առաջ կունենանք ճանաչված Արցախ:

Գրքում տեղ են գտել Օտտո Լուխտերհանդտի (Համբուրգ), Էգբերտ Յանի (Մանհայմ), Էքարտ Շտրատենշուլտեի (Բեռլին), Ալեքսանդր Մանասյանի (Երևան), Մարտին Մալեկի (Վիեննա), Սեբաստիան Վեբերի (Բեռլին), Ֆրանց Էդերի (Ինսբրուք), Դիթմար Շորկովիցի (Բեռլին) և Քրիստիան Շտադլերի (Վիեննա) հեղինակային հոդվածները։

Գիրքը ներկայացվելու է Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսում հոկտեմբերի 6-10-ը Արցախի տաղավարում: Բացի այդ, այն առանձին շնորհանդեսով կներկայացվի Ֆրանկֆուրտի ցուցահանդեսի Երկխոսություն ֆորումում հոկտեմբերի 7-ին:

Այս խորագրի վերջին նյութերը