Աշխարհ

28.10.2015 18:15


«Սև ոսկուց» ԻՊ եկամուտն օրական 1,5 մլն դոլարի է հասնում (տեսանյութ)

«Սև ոսկուց» ԻՊ եկամուտն օրական 1,5 մլն դոլարի է հասնում (տեսանյութ)

Սիրիայի որոշ հարևաններ շահավետ են համարում ահաբեկիչների հետ համագործակցությունը. «Իսլամական պետության»՝ նավթի մաքսանենգությունից ստացվող եկամուտը, ամենահամեստ հաշվարկներով, հասնում է օրական 1,5 մլն դոլարի։ Ո՞վ է գնում գողացված ածխաջրածինը։

Հաուբիցներ, ականանետեր, դիպուկահարների հրացաններ. ԻԼԻՊ–ի նավթային բազաները հսկում են ամենափորձառու կռվողները։ Յուրաքանչյուր նավթաշտարակի վրա 100-150 գրոհային կա։

Փալմիրայում՝ Սիրիայի կենտրոնում, ավազի շերտերի տակ գտնվում է երկրում նավթի ամենախոշոր հանքավայրը։ Հակամարտության ժամանակ նավթային այդ պահեստանոցն ահաբեկիչները հասցրել են սիրիական բանակից խլել արդեն մի քանի անգամ։

«vest.ru»–ի փոխանցմամբ՝ ԻԼԻՊ–ի համար այդ շրջանը ռազմավարական է։ Հենց այդ հանքավայրերում են նրանք օրական միլիոնավոր դոլարներ վաստակում։ Նավթի մշակումն անմիջապես իրականանում է տեղի ջրանցքում։

«Ես մի ամբողջ բարելը վաճառում եմ սիրիական 4 հազ ֆունտով՝ 21 դոլարով։ Ինքս դրանից 15 դոլար եմ ստանում»,–պատմել է գրոհայիններից մեկը։

Իրաքում և Սիրիայում հարյուրավոր և հազարավոր նման հանքավայրեր կան։

««Իսլամական պետությունը» վերահսկողության տակ է առել Սիրիայի նավթային բոլոր ենթակառուցվածքները,–նշում է տնտեսագետ, Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի ղեկավար Եվգենի Սատանովսկին,– իսկ Իրաքում ԻՊ–ն վերահսկում է միայն նավթի կեսը։ Խմբավորումն առնվազն 2 մլրդ դոլար է տարեկան ստանում նավթի վաճառքից»։

Ներկայումս Սիրիայում 160 նավթաշտարակ է գործում, որոնց կոորդինատները բաց են։ Չնայած դրան՝ ամերիկյան կոալիցիան մեկ տարուց ավելի է՝ խուսափում է այդ օբյեկտներին ավիահարվածներ հասցնելուց։ Ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող հիմնական նավթամուղները մինչ օրս անվնաս են։ Բրիտանական «Politics First» ամսագրի գլխավոր խմբագիր Մարկուս Պապադոպուլոսի խոսքերով՝ եթե ԱՄՆ–ի կոալիցիան իսկապես ցանկանար ազատվել ԻԼԻՊ–ի գրոհայիններից, առաջին հերթին կոչնչացներ ահաբեկիչների նավթային ենթակառուցվածքները։

«Բայց նրանք դա չեն անում։ Կհարցնեք՝ ինչո՞ւ։ Որովհետև գրոհայինները սպասարկում են Արևմուտքի շահերը, այդ թվում՝ ԱՄՆ–ի։ Նրանք հասկանում են, որ եթե զրկեն զինյալներին ֆինանսավորման հիմնական աղբյուրից, այլևս չեն ունենա ձեռնասուն ահաբեկիչներ, որոնք տարածաշրջանը լարվածության մեջ կպահեն, ինչին ձգտում էր Վաշինգտոնը»։

Աշխարհում նավթի ամենախոշոր հանքավայրերից մեկն էլ Իրաքի Քիրքուքն է, որտեղից նավթը հոսում է Թուրքիա։ Մաքսանենգներն աշխատում են 5 ուղղությամբ։ Սև շուկայում ենթակառուցվածքները զարգացնելու համար ահաբեկիչները վարձում են որակյալ ինժեներների։ Նրանց պահանջած նավթագործն առաջին հերթին պետք է լինի «քաջ և իր գործին նվիրված»։ Աշխատավարձը՝ տարեկան 225 հազ դոլար։

«Այդ նավթի զգալի մասը՝ մոտ 50 տոկոսը, մինչև վերջերս գնում էին ամերիկյան ընկերությունները։ Ստացված գումարներով ԻԼԻՊ–ը հիմնականում նռնականետեր, ծանր սպառազինություն և տեխնիկա է գնում»,–նշում է Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի նախագահ Դմիտրի Աբզալովը։

Միլիոնավոր դոլարներ են ծախսվում ռազմամթերքի գնման վրա։ Ընդ որում, վայրերը, որտեղ պահվում են արկերը, որոշ փորձագետների հավաստիացմամբ, ամերիկյան կոալիցիային վաղուց են հայտնի։

Հիշեցնենք՝ ռուսական ինքնաթիռները վերջերս պայթեցրեցին Եփրատի կամուրջը, որտեղով անցնում էին նաև նավթով լի բենզինատարները։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ ՌԴ ավիացիան, Սիրիայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, հասցրել է ոչնչացնել ահաբեկիչների մոտ հազար դիրք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը