Քաղաքական

27.10.2015 14:50


Էլինար Վարդանյան. «Մեր երկրում բոլորը հավասար չեն օրենքի առաջ»

Էլինար Վարդանյան. «Մեր երկրում բոլորը հավասար չեն օրենքի առաջ»

ԱԺ պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն իր ելությում անդրադարձավ ՄԻՊ-ի 2014 թվականի զեկույցին ու ոլորտում առկա խնդիրներին:

«Այն խախտումների մասին, որ խոսում է Կարեն Անդրեասյանը, շատ կարևոր է, բայց որ տարեցտարի խոսվում է նույն խնդիրների մասին, դա անհանգստացնող է, որովհետև խախտումները գոյություն ունեն, և անկախ Կարեն Անդրեասյանից՝ դրանք չեն վերանում, որովհետև պատասխանատու մարմինները քայլեր չեն ձեռնարկում խախտումները վերացնելու համար»,-ասաց Վարդանյանը:

Ինչ վերաբերում է զեկույցի գնահատականներին, Էլինար Վարդանյանն ասաց, որ գնահատականները մտահոգիչ են, որովհետև խոսքը մարդու իրավունքների մասին է.

«Գիտեք, որ պաշտոնյաները, ովքեր ունեն ինչ-ինչ լծակներ` օրենքները շրջանցելու համար, մինչև անձամբ չեն բախվում ինչ-որ խնդրի հետ, անձամբ չեն հասկանում՝ ինչ իրականում գոյություն ունի, և ինչի հետ է ամեն օր առնչվում ՀՀ քաղաքացին: Հասարակ քաղաքացին առօրյայում զգալով այդ խնդիրները, չվստահելով դատարանին, իսկ դա առանց բավարար պատճառների չէ, փորձում է ինքն էլ դիմել այն պաշտոնյաներին, ովքեր կարող են այս կամ այն հարցում օգտագործելով իրենց կապերը՝ աջակցել, բայց չմոռանանք, որ այդ խախտումների պատճառով առաջանում է նոր հիասթափություն. ի վերջո, դա էլ հանդիսանում է նաև արտագաղթի պատճառ»:

Էլինար Վարդանյանի խոսքով` ՄԻՊ զեկույցում առկա խնդիրները լուրջ չընդունելը բերում է նրան, որ այդ խախտումները կրկնվեն, ինչպես, օրինակ, 2015-ին կրկնվեցին մի շարք խախտումներ, որոնք կգրանցվեն 2015-ի զեկույցում:

«2014-ի զեկույցում նշվում է, որ լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ լրագրողների, իրավապաշտպանների և տարբեր անձանց նկատմամբ պաշտոնատար անձանց կողմից տարբեր տեսակի հակաիրավական արարքներ են կատարվել, սակայն ոչ բոլոր դեպքերում են դրանք դիտարկվել քրեական գործ հարուցելու առիթ, ինչի հետևանքով այդ դեպքերը չեն ուսումնասիրվել: Այս ամենին մատների արանքով նայելու արդյունքում մենք ունենք փաստաբանների դեմ քրեական գործ հարուցելու դեպքեր»:

Էլինար Վարդանյանն անդրադարձավ նաև ԴԱՀԿ-ի գործունեությանը, որը, նրա խոսքով, նոր գլխացավանք է քաղաքացիների համար: Վարդանյանն ասաց, որ բազմաթիվ քաղաքացիներ փաստաթղթային քաշքշուկի մեջ են ընկնում ԴԱՀԿ-ի պատճառով, որովհետև ԴԱՀԿ են ներկայացնում փաստաթղթեր այն մասին, որ խախտման համար տուգանքը վաղուց է վճարել, կամ այդ հատվածում երթևեկող տրանսպորտային միջոցն իրենը չէ, կամ էլ անձը, ում խախտման համար կալանք է դրվել, ամենևին էլ ինքը չէ:

«Ես ինձ վատատես չհամարելով՝ վստահ եմ, որ մյուս տարի էլ այս ամբիոնից ելույթ եմ ունենալու, վստահ եմ, որ նորից խոսելու եմ նույն ու ավելի ցավոտ խնդիրների մասին: Այստեղ խնդիրն այն չէ, թե ինչպես է աշխատում ՄԻՊ գրասենյակը կամ հանձնաժողովը. այստեղ խնդիրն այն է, թե ինչպես է օրենքը կիրառվում տարբեր քաղաքացիների նկատմամբ: Մեր երկրում բոլորը հավասար չեն օրենքի առաջ»,-եզրափակեց Վարդանյանը:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը